
«Հաղթանակ» դաշինքը կպայքարի Ախուրյան խոշորացվող համայնքում իշխանությունը վերցնելու համար
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը՝ Մայիսյան կենտրոնով, խոշորացել էր 2017թ.-ին՝ ընդգրկելով 15 գյուղական համայնք (13 հազար բնակիչ): Ընտրություններում հաղթել էր ՀՅԴ ներկայացուցիչ Կարեն Արշակյանը, ով գործարար էր եւ նորեկ ՏԻՄ ոլորտում:
«Շատերն էին սպասում, որ հնարավոր է ձախողվեմ, սակայն նրանց հույսերը չարդարացան, հակառակը՝ հաջողեցինք: Մենք ժառանգություն էինք ստացել համայնքների կուտակած 12 մլն դրամ պարտքը, Հովունիում քրեական գործ կար համայնքապետարանի վրա եւ էլի լիքը այլ խնդիրներ,- նկատում է Կարեն Արշակյանը,- մեկ տարվա ընթացքում կարողացանք պարտքերը փակել եւ 2018թ.-ին արդեն բյուջե մուտք եղած գումարներն ուղղել ծրագրերի իրականացմանը: Եթե ես համեմատեմ Մարմաշեն համայնքը ՀՀ-ի հետ, որն այդ նույն ժամանակ ուներ 6 մլրդ դոլար պարտք, ու էս երեք տարում ոչ թե պակասեցրել է, այլ ավելացրել, կարող եմ ասել, որ մեր համայնքը կառավարման առումով 10 անգամ առաջ է: Ու էդ ամեն ինչին հասել ենք խնայողությունների միջոցով՝ ինչ-որ բաներ կրճատելով, ճոխություններ թույլ չտալով, ավելորդ գնումներ չանելով»:
Մարմաշեն խոշորացված համայնքում ավագանու հերթական ընտրությունները նախատեսված էին 2022թ.-ին, սակայն, Կառավարության որոշումով, համայնքը մեկ անգամ եւս խոշորանալով՝ այս տարվա դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում, միանալու է Ախուրյան խոշորացված համայնքին: Կարեն Արշակյանն ընտրություններին մասնակցում է «Հաղթանակ» դաշինքով: Այս ընտրություններին մեկ այլ դաշնակցական համայնքապետ, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը մասնակցում է «Ախուրյան» դաշինքով: Հարցին, թե ինչու են դաշնակցական համայնքապետերը ընտրության գնում անջատ, Կարեն Արշակյանը պատասխանեց, որ պատճառները մի քանիսն են:
«Մի քանի պատճառներ կան՝ նախ համայնքների զարգացման վերաբերյալ ծրագրային մոտեցումներն ու սկզբունքները՝ շեշտադրումը տարբեր ոլորտների վրա է դրվել: Ես, օրինակ, համարում եմ, որ առաջնահերթ մանկապարտեզների հարցը պետք է լուծել գյուղերում, համայնքային կենտրոններ ունենալ, Իգիթյանը կարեւորում է ասֆալտապատումը եւ այլն: Բացի դրանից, պետք էր հասկանալ, թե անցած տարիների աշխատանքն ինչպես են գնահատում ընտրողները,- բացատրում է զրուցակիցս,- մի շատ կարեւոր հանգամանք էլ կար, եթե միավորվեինք, ու լինեին խնդիրներ՝ ողջ թիմով դուրս կմնայինք ընտրապայքարից, ինչպես որ եղավ Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի հետ»:
Կարեն Արշակյանն ասում է, որ շատ է ափսոսում «Իկիլիկյան» դաշինքի ընտրապայքարից նման ձեւով դուրս մնալու համար: Իր կողմից առաջարկ է եղել մյուս երկու մրցակցի հետ վերցնել դիմումները եւ հրաժարվել ընտրությանն իրենց մասնակցությունից: Նման գործելակերպը կստիպեր ԿԸՀ-ին ընտրությունների նոր օր նշանակել՝ հնարավորություն ընձեռելով «Իկիլիկյան» դաշինքին վերականգնելու մասնակցության իրավունքը: «Հնարավոր է, որ էլի դաշինքներ ի հայտ գային, ավելի լավ, թող բազմազանություն լիներ, բայց գլխավորը, որ հնարավորություն կտայինք Իկիլիկյանին վերադառնալու: Իր դուրս մնալն, իմ կարծիքով, անարդարացի էր: Իմ առաջարկին Արծրուն Իգիթյանը դրական արձագանքեց ու համաձայնեց, իսկ ՔՊ կուսակցության թիմը գլխավորող Ալբերտ Այվազյանը կտրուկ մերժեց»:
Արդյոք մեկ անգամ խոշորացված համայնքները պետք է միավորվե՞ն եւ, որքանո՞վ է արդարացված նախկին շրջանների ձեւաչափով խոշորացման առաջարկվող մոդելը: 2016-17թթ.-ին տեղի ունեցած փնջային խոշորացումից ոչ բոլոր համայնքներն էին գոհ, անգամ խոսակցություններ կային որոշ փնջեր տրոհելու մասին, որպեսզի հնարավոր լիներ առավել արդյունավետ կառավարում ապահովել:
«Մենք ունենք բնակիչների բողոքը, մոտ 2500 ստորագրություն կա, որով դեմ են արտահայտվել խոշորացմանը,- ասում է Կարեն Արշակյանը,- նախ պետք էր դեռ հասկանալ, թե 4 տարի առաջ արված խոշորացումը ինչ արդյունքներ է գրանցել՝ թե դրական, թե բացասական, անել ուսումնասիրություններ, հետո նոր որոշում կայացնել, թե կառավարման որ մոդելն ավելի ճիշտ կլինի: Ես կարծում եմ 35 գյուղական համայնքի միավորումն ավելի բարդ խնդիրների առաջ է կանգնեցնելու: Որ թիմն էլ վերցնի ղեկավարումը, առաջիկա մեկ տարվա ընթացքում չի կարողանալու լիարժեք ծրագրեր իրականացնել, քանի որ հարկ կլինի նախ կազմել բոլոր բնակավայրերի կարիքների քարտեզը, անել գնահատում: Խոշորացումը հո միայն ղեկավար, տեղակալներ, վարչական ներկայացուցիչներ, բյուջեներ միավորելը չէ»:
Զրուցակիցս թվարկում է աշխատանքները, որ կատարվել են Մարմաշեն խոշորացված համայնքում անցած երեք տարվա ընթացքում՝ ջրագծերի անցկացում, մանկապարտեզների կառուցում ու վերանորոգում, աղբահանություն, գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում ու նորացում, գյուղտեխնիկայի ձեռքբերում:
«Տեսեք, մենք կարողացանք բյուջեն 320 մլն դրամից հասցրնել 520 մլն-ի: Կարծում եմ՝ սա վատ ցուցանիշ չէ: Այդ գումարների հաշվին 9 բնակավայրում լուծել ենք մանկապարտեզների խնդիրը: Օրինակ՝ Մեծ Սարիարում եւ Քեթիում վերցրել ենք պարապուրդի մատնված շինություններն ու վերածել մանկապարտեզի: Դեռ հանձնված չեն շահագործման, բայց հաջորդ տարվանից կսկսեն գործել: Այս ընթացքում սուբվենցիոն ծրագրերով 9 միավոր գյուղտեխնիկա ենք ձեռք բերել, որ վարձակալության վրա այլեւս գումար չծախսենք, կենտրոնացված աղբահանություն ենք կազմակերպել գյուղերում: Ունենք բնակավայրեր, որ տներում խմելու ջուր չեն ունեցել, օրինակ՝ Լեռնուտ, Կարմրաքար, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Կրաշեն գյուղերում, այդ հարցն ենք լուծել: Համայնքային կենտրոններին ենք գումար տրամադրել, օրինակ՝ Փոքրաշեն գյուղը, որտեղ սեփական եկամուտները 1,7 մլն դրամի չափով է հավաքվում, մենք մոտ 17 մլն դրամ ենք տրամադրել համայնքային կենտրոնի վերանորոգման համար»:
Ախուրյանը խոշորացումից հետո կունենա 35 բնակավայր, 45-47 հազար բնակիչ: Համայնքի ղեկավարումը ստանձնելու դեպքում «Հաղթանակ» դաշինքը պատրաստ է մի շարք ծրագրեր իրականացնել՝ ուղղված սոցիալական բեռի թեթեւացմանը, բնակչության անվտանգության ապահովմանը (ապաստարանների կառուցում), գյուղատնտեսության զարգացմանը, տրանսպորտային ցանցի բարելավմանը, երիտասարդության խնդիրների լուծմանը, գյուղերում մշակութային կյանքի ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանն եւ այլն: Դաշինքը պայքարելու է խոշորացվող համայնքում իշխանությունը վերցնելու համար: Կարեն Արշակյանը ժպտալով նկատում է, որ չեն կասկածում իրենց ուժերին, դրա համար էլ դաշինքը կոչել են «Հաղթանակ»:
Գլխավոր լուսանկարում՝ Կարեն Արշակյանը
Մեկնաբանել