HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման եւ ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը եւ հայ ժողովուրդը բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերների են առերեսվում: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է լայնամասշտաբ բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների: Նա շեշտել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ազգային ժողովի նախագահը ժողովրդավարության զարգացման լուրջ մարտահրավերներից է համարել ապակայունացման եւ տարածաշրջանային հակամարտությունների վտանգը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած եւ 44 օր տեւած Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման երկարատեւ լուծում գտնելու անհրաժեշտությունը: Հետպատերազմյան իրադարձությունների ներկայացման համատեքստում Ալեն Սիմոնյանը ներկաներին հիշեցրել է երկու օր առաջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի Սոչիում կայացած հանդիպումը, ուր քննարկվել են իրավիճակը կայունացնելու ուղիները՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային եւ հաղորդակցության միջոցները եւ լուծել մարդասիրական խնդիրները, այդ թվում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը: Նա ուշադրություն է հրավիրել ազնիվ երկխոսության անհրաժեշտությանը, որի պարագայում բոլոր հարցերը կարող են լուծվել առանց ուժի կիրառման: Օրենսդիր մարմնի ղեկավարը ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերներից մեկն է համարել կոռուպցիան՝ հավելելով, որ դրա դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից մեկն է Հայաստանում:

Ելույթում անդրադարձ է եղել նաեւ երիտասարդության, Հայաստանում լրատվամիջոցների ազատության, կանանց իրավունքների հարցերին:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում պետք է մեկտեղել ջանքերը՝ ժողովրդավարության նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Վեհաժողովում հնչած ելույթների, քննարկումների օրակարգային հիմնական թեզերը կառուցված են ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերների շուրջ: Համաժողովի նպատակն է ընդլայնել Միջխորհրդարանական միության անդամների հաղորդակցման հնարավորությունները՝ նպաստելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:

Համաժողովի նախորդ երկու օրվա ընթացքում պատվիրակներն անդրադարձել են քաղաքական համակարգերի նկատմամբ հանրային վստահության թուլացման, սոցիալական ցանցերի միջոցով բեւեռացման եւ ապատեղեկատվության տարածման պայմաններում խորհրդարանների գործառույթներին եւ որոշիչ դերակատարությանը:

Խորհրդարանականները մտքեր են փոխանակել հասարակության հետ արդյունավետ համագործակցության, որոշումների կայացման գործընթացի ներառականության եւ ներկայացուցչականության վերաբերյալ: Միջխորհրդարանական միությունում ընդգրկված է ավելի քան 120 անդամ երկիր: Համաժողովին նախատեսված է ընդունել նաեւ Միջխորհրդարանական միության 2022-2026 թվականների նոր ռազմավարությունը: Այն նպատակ ունի վերակողմնորոշել միջխորհրդարանական վեհաժողովն այն ոլորտներում, որտեղ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ եւ որտեղ խորհրդարանական գործիքակազմի անհրաժեշտություն կա: Ռազմավարությունը սահմանում է հետեւյալ քաղաքական առաջնահերթությունները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ գենդերային հավասարություն, խաղաղություն ու անվտանգություն, կայուն զարգացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter