HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատմամշակութային հուշարձանները վնասողները կամ չեն հայտնաբերվում, կամ անպատիժ են մնում

Պատմության և մշակույթի հուշարձանները՝ բնակատեղի-դամբարանադաշտ, դամբարաններ, եկեղեցիներ և այլն, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու դեպքերով Քննչական կոմիտեում 2018-20թթ.-ին 52 քրեական գործ է  քննվել: Քննչական կոմիտեն (ՔԿ) հայտնում է, որ 52 քրեական գործից 2020թ.-ի սեպտեմբերի տվյալներով 2 գործ է ուղարկվել դատարան:

Հարուցված 52 գործից 19-ի վարույթը կասեցվել է, որովհետև հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: 30 քրեական գործով վարույթները կարճվել են հանցագործության դեպքը բացակայելու կամ արարքի մեջ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ, 15 գործով քննությունը շարունակվում է:

Նույն պատասխանն են ստացել նաև Ոստիկանությունից, որին հարցրել էինք, թե 2018-2020թթ.-ին Հայաստանի հնավայրերը եւ պատմամշակութային կոթողները կողոպտելու քա՞նի դեպք է գրանցվել և դրանցից քանիսո՞վ է քրեական գործ հարուցվել: Ոստիկանությունը հայտնել էր, որ 2018թ.-ին Պատկերասրահից հափշտակվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարը, «Մուսալեռ» համալիրից գողացել են մշակութային արժեք ունեցող բաժակ, ռուսական չգործող եկեղեցուց գողացել են 13-րդ դարի խաչքարի բեկոր: 2019թ.-ին գողացել են Այնթապ գյուղում տեղադրված մշակութային արժեք ունեցող արծվի պատկերով արձանիկ-հուշաքարը:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ նշված դեպքերով քրեական գործերով վարույթները կասեցվել են, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Քննչական կոմիտեն դատարան ուղարկված երկու քրեական գործերի մասին տեղեկություններ չի հաղորդել: «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները վնասելու դեպքերով 2018-21թթ.-ին երկու քրեական գործ է քննվել: Երկու գործերով էլ դատարանները կարճել են քրեական գործերի վարույթը և ամբաստանյալներին ազատել պատժի կրումից. մեկով՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ, մյուսով՝ ամբաստանյալի նկատմամբ համաներում է կիրառվել:

Մեծ հաշվով՝ այս բնույթի գործերով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, նախաքննությունն այնքան է ձգձգվում մինչև լրանա վաղեմության ժամկետը, և գործը կարճվի: Դատարան ուղարկված գործերով նույնպես դատավորներն այնքան են երկարաձգում դատաքննությունը մինչև վաղեմության ժամկետը լրանա, և գործը կարճվի այդ հիմքով:

«Օխտը օրորոցի քար»-ը մնացել է բետոնի տակ

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված, պետության պահպանության տակ գտնվող այս հուշարձանը գտնվում է Քարահունջ գյուղի բնակիչ Էդուարդ Սինանյանի սեփական այգում:

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Էդուարդ Սինանյանը 2018թ. դեկտեմբերից մինչ 2019թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, առանց թույլտվության, իր տնամերձ այգում գտնվող, «Օխտը օրորոցի քար» փորածո պատկերաքանդակներով ժայռաբեկորի վերնամասում 1 մետր բարձրությամբ պատ է շարել, դրանց միջև ընկած տարածքը հարթեցրել է ցեմենտբետոնե շաղախով և խաթարել հուշարձանի ընդհանուր նկարագիրը:

Քրեական գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել 2021թ. հունվարի 12-ին և 6 օր հետո դատարանը  քրեական գործի վարույթը կարճել է: Է. Սինանյանին առաջադրված մեղադրանքը ոչ մեծ ծանրության հանցանք է, նա հանցանքը կատարել է 2019թ. հունվարի 10-ին, վաղեմության ժամկետն ավարտվում էր երկու տարուց: Քննիչը գործի քննությունն ավարտել և դատարան է ուղարկել այն ժամանակ, երբ լրանում էր հանցանքը կատարելու երկու տարին: Դատարանը որոշել է քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը` վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ:

Մոլեռանդ կրոնականը որոշել էր վերականգնել պատմական արդարությունը

2018թ. ապրիլի 27-ին Մանուկ Խանյանը, Մոսկվա քաղաքից վերադարձել է Հայաստան և հաջորդ օրը` ժամը 16-ի սահմաններում, իր հետ վերցնելով մետաղյա սղոցներ և պարան, այցելել է Էջմիածին: Նա բարձրացել է պետության պահպանության տակ գտնվող Էջմիածնի Մայր տաճարի նախամուտքին կից գմբեթին և սղոցով դիտավորությամբ փորձել է կտրել գմբեթին տեղադրված մետաղյա խաչը, դրա փոխարեն տեղադրել իր կողմից պատրաստված մետաղյա վարդը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում նրան չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Մ. Խանյանը տարբեր կրոնական ավանդույթների վերաբերյալ գրքեր կարդալուց հետո որոշել է վերականգնել պատմական արդարությունը, քանի որ խաչը հանդիսանում է հանցագործության առարկա, և խաչի միջոցով են սպանել Հիսուսին:

Դատարանն ապացուցված է համարել, որ Մ. Խանյանը միջին ծանրության հանցանք է կատարել, և վերջինիս նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով: Բայց քանի որ Մ. Խանյանն արարքը կատարել է մինչև 2018թ. հոկտեմբերի 21-ը, նրա նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը, և Խանյանն ազատվել է պատժի կրումից:

Դատարանը 5 տարի պարզում էր՝ գանձագողերի փորած փոսը պատմամշակութային ամրոց-միջնաբերդի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ 

2021թ.-ին դատարանն ավարտել է ևս մեկ հուշարձանի՝ «Ամրոցի համալիր Ախթամիր» հնավայր հանդիսացող հանրապետական նշանակության հուշարձանը վնասելու գործով դատաքննությունը: Քրեական գործի քննությունը դատարանում տևել է 5 տարի, դատավորը ձգձգումներով բարեհաջող այն հասցրել է մինչև 2021թ.-ը, երբ լրանում էր այս գործով վաղեմություն կիրառելու ժամկետները: Դատարանը որոշել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Քրեական գործը Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան մուտք է եղել 28.11.2016թ.-ին և քննվել է դատավոր Սամվել Ուզունյանի վարույթում: Ըստ մեղադրանքի՝ «ամբաստանյալ Արման Հովհաննիսյանը 2016թ. մարտի 22-ին, մարտի 23-ին և 2016 թ. մարտի 25-ին, գանձագողություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Նվեր  Զախարյանի հետ, նրա ավտոմեքենայով Աբովյան քաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի վարչական տարածք, որտեղ՝ պետության կողմից պահպանություն իրականացվող, պատմության և մշակույթի առանձնակի արժեք ունեցող մ.թ.ա IV-րդ հազարամյակի ժամանակաշրջանի ամրոց համալիր «Ախթամիր» հնավայր հանդիսացող հանրապետական նշանակության ամրոցի միջնաբերդի հյուսիային պատից մոտ 100 մետր դեպի հյուսիս արևելք՝ Քասախ գետի աջակողմյան հատվածում, արևմտյան պռնկին՝ բարձունքի վրա գտնվող հուշարձանում, իրենց կողմից օգտագործվող գործիքների միջոցով կատարել են հողաքանդման աշխատանքներ՝ փորել են 275 x 320 սմ չափերի փոս, որի հետևանքով «Ախթամիր» պատմամշակույթային հուշահամալիրի հնագիտական շերտին պատճառվել է առանձնակի վնաս:

Այս գործով առաջին դատական նիստը նշանակվել է 22.12.2016թ.-ին և հետաձգվել է ամբաստանյալ Արման Հովհաննիսյանի չներկայանալու հիմքով: 2017թ.-ի ընթացքում 13 դատական նիստ է նշանակվել, որից 4-ը չի կայացել պաշտպանի չներկայանալու պատճառով:

2018թ.-ին, ըստ «Դատալեքս»-ի, 14 դատական նիստ է նշանակվել, սակայն գործի քննության ավարտին չեն մոտեցել: Դատաքննության միայն երրորդ տարում՝ 2019թ.-ի կեսերին է ամբաստանյալների պաշտպան Հ. Գալստյանի մոտ կասկածներ առաջացել, որ իր պաշտպանյալների փորած փոսը 1987թ. հաստատված և մինչև այժմ գործող «Ախթամիր» պատմամշակութային համալիրի պահպանման ենթակա տարածքում չի գտնվում, և դա պարզելու համար անհրաժեշտ է փորձաքննություն նշանակել: Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը և դատահողաշինարարական և դատատեղագրագեոդեզիական համալիր փորձաքննություն է նշանակել: Իսկ գործով տուժող ճանաչված Մշակույթի նախարարությունը միայն դատաքննության չորրորդ տարում է միջնորդել հայցի ապահովման միջոց կիրառել՝ ամբաստանյալների գույքի վրա 1 մլն 457 867 դրամի և 96 հազար 180 դրամի չափով կալանք դնել հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար:

2019թ. դեկտեմբերի 9-ին դատավոր Սամվել Ուզունյանի լիազորությունը դադարեցվել է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ, և գործը փոխանցվել է նույն դատարանի մեկ ուրիշ դատավորի՝ Էդգար Կարապետյանին: Վերջինս 2020թ.-ին այս գործով 13 նիստ է նշանակել, ևս 3 նիստ նշանակել է 2021-ին և վերջին նիստի ժամանակ՝ 2021թ. ապրիլի 28-ին, քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել:

«Ամբաստանյալներին մեղսագրվող արարքը միջին ծանրության հանցագործություն է համարվում, որի համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը: Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հինգ տարի միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը»,- որոշումն այսպես է հիմնավորել դատավորը:

Դատարանը որոշել է քրեական գործով ամբաստանյալ Նվեր Զախարյանին և Արման Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել և ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը վերացնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նշենք, որ «Ամրոցի համալիր Ախթամիր» պատմամշակութային հուշարձանը պարբերաբար հայտնվում է գանձագողերի թիրախում: Եվս մեկ քրեական գործ քննվել է 2010թ.-ին և դարձյալ հանցագործները չեն պատժվել:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալներ Ռաֆիկ Հովհաննիսյանը և Սամվել Հարությունյանը գանձեր և հնություններ որոնելու և գտնելու նպատակով, տարբեր օրերի ընթացքում, հարմարեցված փոքրիկ բահերով և բրիչով քանդման աշխատանքներ են կատարել պետության պահպանության տակ գտնվող, հանրապետական նշանակության պատմության և մշակույթի առանձնակի արժեք հանդիսացող մ.թ.ա. 4-րդ հազարամյակի և մ.թ. 17-րդ դարերի ժամանակաշրջանների հուշարձանախումբ «Ախթամիր» ամրոց հուշարձանի միջնաբերդի հյուսիս-արևելյան եզրին` Քասախ գետի աջափնյա կիրճին հարող պարսպապատի մոտ, նախ կատարելով 2.5X1.5մX1 մետր չափերի փորվածք, իսկ հետո 3 մետր խորությամբ հորանաձև փորվածք, որի հետևանքով հուշարձանի միջնադարյան մշակութային շերտն ավերվել, վնասվել է, իսկ հուշարձանի հնագիտական շերտերին պատճառվել անգնահատելի վնաս:

Հուշարձանին «անգնահատելի» վնաս պատճառած ամբաստանյալների նկատմամբ նույնպես 2011թ.-ին քրեական հետապնդումը դադարեցվել է «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ 26.05.2011թ. որոշման հիման վրա:

Հարկ է ընդգծել, որ այս գործերով անպատժելիությանն ուղղակիորեն նպաստել է դատախազությունը. պետության շահերի պաշտպանը լինելով` ոչինչ չի նախաձեռնել գործերի քննությունը ժամանակին ավարտելու համար:

 

Գլխավոր լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Լուսանկարները՝ wikipedia.org կայքից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter