HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ անչափահասների թիրախում

Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզում անչափահասները ոստիկանության բաժանմունքներում հաշվառվում են հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար:

Գոռը (անունը փոխված է) հաշվառված է ոստիկանության Մեծամորի բաժանմունքում՝ գողություններ կատարելու համար: Սովորում է 8-րդ դասարանում, սակայն դասերից հաճախ է բացակայում:

Մեզ հետ զրույցում տղան ասաց, որ դպրոցն իրեն այլևս հետաքրքիր չէ: Սիրում է մեծահասակների հետ ընկերություն անել, իսկ իր դասընկերները «դեռ երեխա են»:

Գոռը պատմեց, որ ընկերացել է 18-23 տարեկան տղաների հետ և օրվա մեծ մասը նրանց հետ է անցկացնում: Տղան, զրույցի ընթացքում իրեն մեծահասակի նման էր պահում, փորձում էր «ճիշտ ապրելու» խորհուրդներ տալ:

Պատմեց, որ տարբեր տներից պղնձյա կամ ալյումինե առարկաներ, շարժիչներ, գործիքներ, հեծանիվ է գողացել: Երբեմն էլ օգնել է ընկերներին ու այդ ադրենալինից հաճույք է ստացել:

«Չեմ կարա ասեմ, թե ինչի եմ գողացել, բայց պրոցեսն ինձ դուր ա եկել: Մարդկանց վնաս չեմ տվել, իրանց վրա չեմ հարձակվել, բայց առարկաներ ցրելը հաճելի ա եղել իմ համար»,- նշում է Գոռը և հավելում, որ տևական ժամանակ է՝ գողություն չի անում:

Պարզվեց, որ նրա հայրը դատապարտված է գողություններ կատարելու համար: Տղան ասում է, որ մի անգամ նույնիսկ հորն օգնել է գյուղերից մեկի տնից թանկարժեք իրեր գողանալու հարցում: Դրսում պահակ է կանգնել, որ մարդ չտեսնի, իսկ հայրը պատուհանից ներս է մտել ու վերցրել թանկարժեք իրերը:

Ընտանիքն ապրում էր սոցիալապես վատ պայմաններում: Գոռի ասելով՝ գողացած իրերը վաճառում և այդ գումարի մի մասով տան համար ուտելիք է գնում: Մնացած գումարն էլ «տղերքի հետ» է ծախսում:

Փորձեցինք զրուցել նաև տղայի մոր հետ, սակայն վերջինս հրաժարվեց որևէ բառ ասել: Արագ մտավ ներս և դուռը փակեց:

Գողություն, կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս և սառը զենքի գործադրում

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2019թ. հանրապետությունում պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել 384 անչափահաս, 2020թ.-ին՝ 277, իսկ 2021թ. սեպտեմբերի դրությամբ՝ 177: Երևանն առաջատարն է անչափահասների հաշվառման թվով, հաջորդը Կոտայքի մարզն է, այնուհետև՝ Արմավիրը:

Թեև 2020թ. նախորդ տարվա համեմատ հաշվառված անչափահասների թիվը նվազել է, սակայն աճ է գրանցվել Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում:

Made with Flourish

Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում գերակշռում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար հաշվառվածները: Օրինակ՝ 2019թ. 384 հաշվառվածներից 166-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար են հաշվառվել: Նույն արարքի համար 2020թ. հաշվառվել է 104 անչափահաս, 2021թ. սեպտեմբերի դրությամբ՝ 42:

Թվով հաջորդը կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար հաշվառվածներն են: 2019թ. 69 երեխա հենց այդ արարքի կատարման համար է հաշվառվել, 2020թ.՝ 76, իսկ 2021թ. սեպտեմբերի դրությամբ՝ 38:

Made with Flourish

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ Գ. Այվազյանի փոխանցմամբ՝ անչափահասների պրոֆիլակտիկ հաշվառումը իրականացվում է իրավախախտում կատարած անչափահասի վերադաստիարակման, ուղղման, անչափահասների վրա բացասական ներգործություն ունեցող անձանց հայտնաբերման նպատակով, որի ընթացքում իրավախախտ անչափահասի, վերջինիս ծնողի կամ օրինական ներկայացուցիչների հետ անց են կացնում անհատական պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների իրավասու ծառայողները հաշվառվողների հետ իրականացվող կանխարգելիչ դաստիարակչական աշխատանքներում համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարածքային սոցիալական աջակցության մարմինների հետ:

Միևնույն ժամանակ ոստիկանությունը համագործակցում է անչափահասի ուսանած դպրոցի կամ այլ հաստատության մանկավարժական կոլեկտիվի, ինչպես նաև ոստիկանության այլ ծառայությունների հետ:

Նշենք, որ որոշ դեպքերում հաշվառման վերցնելը անչափահասներին չի սթափեցնում, և շարունակում են հակահասարակական վարքագիծ դրսևորել: Ինչը նշանակում է, որ կանխարգելիչ և վերադաստիարակման աշխատանքներն այդքան էլ հաջող չեն իրականացվել:

Հաշվառման մեջ գտնվելու ընթացքում 2021թ. հանցագործություն է կատարել 12, 2020թ.-ին՝ 4 և 2021թ. սեպտեմբերի դրությամբ 1 երեխա:

Ուշագրավն այն է, որ հաշվառված կամ այդ ընթացքում հանցագործություն կատարած անձանց մեծ մասը 15-17 տարեկան է: Սա տարիքային անցման ծանր ժամանակահատված է, և ժամանակին հայտնաբերված վարքային շեղումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները կարող են կանխել հետագայում հանցագործությունների կատարումը:

Երեխաների նման պահվածքը միջավայրին հակազդելն է

«Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանն ասում է, որ ոստիկանությունում հաշվառվելու կամ հանցագործություն կատարելու համար միայն սոցիալական վատ վիճակը չի կարող պատճառ լինել: Սակայն, աղքատությունը բազմադեմ է: Օրինակ՝ աղքատ ընտանիքներում բռնությունները շատ են, կրթամակարդակը ցածր է, արժեհամակարգը խեղաթյուրված է և այլն, ինչը պարարտ հող է: 

«Գործոն են նաև ծնողավարման ցածր հմտությունները, ամուսնալուծված ընտանիքները, սերիալները, որոնք բռնություն, քրեական ենթամշակույթ են քարոզում և այլն: Դպրոցը նույնպես դեր ունի: Վատ սովորող երեխային տանում, վերջում են նստեցնում, իսկ չարություն անողին էլ նստացնում են նրա կողքին, որպես պատիժ: Սա սովետից մնացած գործելաոճ է, որը, ցավոք, պահպանվել է»,- ասում է Քնարիկ Գարանֆիլյանը:

ՀԿ-ի նախագահի փոխանցմամբ՝ իրենց 5 կենտրոնից ամենածանր դեպքերը հենց Մեծամորում են գրանցվել:

Քնարիկ Գարանֆիլյանն ասում է, որ պատկան մարմինները երբեմն իրար հետ չեն համագործակցում, և թույլ է դպրոց, ծնող, սոցիալական աշխատող, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ կապը:

Կարևոր է նաև երեխաների առօրյան հագեցնելը, նրանց մշակութային և այլ հետաքրքրությունները բավարարելը, մինչդեռ հատկապես հեռու և աղքատ ընտանիքներում հնարավոր չէ իրականացնել:

«Յուրաքանչյուր 3-րդ երեխան աղքատ է և խոցելի: Երեխաների 51,8%-ը չի կարողանում իր ժամանցն ու մշակութային կյանքի իրավունքն իրացնել: Սա շատ կարևոր իրավունք է: Վճարովի խմբակներ են գործում, իսկ աղքատ ընտանիքները չեն կարող վճարել: Ժամանցի հիմնական վայրերը Երևանում են, ծնողը չի կարողանում մարզերից բերել: Ստացվում է, որ մեր երեխաների մեծ մասը փողոցում է մնում և յուրացնում է փողոցային մշակույթը»,- նշում է Ք. Գարանֆիլյանը:

ՀԿ-ի նախագահն ասում է, որ երբեմն երեխաների նման պահվածքը միջավայրին հակազդելն է, որ իրեն ուշադրություն դարձնեն: Երեխային հանցագործ սարքում է ընտանիքը, միջավայրը, որտեղից էլ պետք է սկսել վերականգնողական, կանխարգելման աշխատանքները:

«Մենք երեխայի հետ ենք աշխատել, ով գողության հակում ուներ: Նա տանը խաղալիքներ չուներ և երբ հաճախում էր կենտրոն, փոքր խաղալիքները լցնում էր ծոցը: Ինչ իրեն դուր էր գալիս, վերցնում էր: Նա չէր էլ գիտակցում, թե ինչ է գողությունը, իրեն որևէ մեկը չէր սովորեցրել: Մայրը նույնիսկ տառաճանաչ չէր, ո՞վ պետք է սովորեցներ»,- ասում է Քնարիկ Գարանֆիլյանը:

Զրուցակցիս խոսքերով՝ հատկապես փոքր համայնքներում անչափահասների վարքային շեղումները փորձում են ծածկել և համայնքից դուրս չհանել: Երեխան դպրոց չի հաճախում, սակայն դպրոցում բացակա չեն նշանակում՝ չգիտակցելով, որ եթե փողոցում մի դեպք պատահի, դրա համար ներկա նշանակող ուսուցիչը ևս պատասխանատու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter