HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ. նրա թեկնածությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանը

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունների (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը:

Նիստի օրակարգում է եղել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության մասին» հարցը:

ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարելով նիստը, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու է  առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության հաղորդմամբ, ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ համաձայն «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մասին» ժամանակավոր կանոնակարգի՝ նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով:

Թեկնածուի առաջադրումից հետո Ալեն Սիմոնյանը քվեարկության է դրել նախագահի ընտրության հարցը: Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ:

ՀՀ ԱԺ նախագահը իր ելույթում, ըստ ԱԺ հաղորդագրության, անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային եւ ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ՝ ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝  «նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը»:

ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաեւ համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով  ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջեւ ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

«Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի:  Ալեն Սիմոնյանը  կարեւորել է  ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը»,- ասված է աժ տարածած հաղորդագրության մեջ:

Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երեւանում անցկացնելու եւ մի շարք այլ  առաջարկներով:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգում են եղել նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման  եւ ներդաշնակեցման ուղղությամբ մշակված «Խաղաղապահ գործունեության եւ խաղաղապահ ուժերի մասին» եւ «Տեղեկատվական անվտանգության մասին» մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաեւ մոդելային օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման աշխատանքների ընթացքի եւ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter