HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վերականգնվում է Աշոցքի նախկին շրջանը՝ միավորվում են Սարապատ եւ Աշոցք խոշորացված համայնքները

Աշոցքի նախկին տարածաշրջանը 2016թ.-ի խոշորացման ծրագրով բաժանվեց երկու փնջի՝ Սարապատ (15 բնակավայր) եւ Աշոցք (11 բնակավայր): Սարապատ փունջը տարածքային եւ գյուղական միավորների առումով ավելի մեծ էր ստացվել, սակայն բնակչության թվով՝ մոտ 3600, զիջում էր Աշոցքին (մոտ 7700 բնակիչ): Սարապատ համայնքի ղեկավար ընտրվեց Գոգհովիտ գյուղի համայնքապետ Արտուշ Մանուկյանը, խոշորացված համայնքի կենտրոն դարձավ Թորոսգյուղը: Նոյեմբերի 5-ին խոշորացված այս համայնքում, ինչպես եւ Աշոցքում սպասվում էին ՏԻՄ հերթական ընտրություններ, սակայն կառավարության որոշմամբ դեկտեմբերի 5-ին նշանակված ընտրությունների արդյունքում տեղի է ունենալու վերամիավորում՝ վերականգնվելու է խորհրդային տարիների Ղուկասյանի (Աշոցք) շրջանային մոդելը, ստեղծվելու է մեկ խոշորացված համայնք Աշոցք կենտրոնով: 

Նախորդ խոշորացումը Սարապատ համայնքի համար հարթ չընթացավ, կային համայնքներ, որոնք ընդդիմացան, փորձեցին հանրության ձայնը հասցնել կառավարությանը: Այս հարցում հատկապես ակտիվ էր Ցողամարգ համայնքը, որ պիտի ընդգրկվեր Սարապատի կազմում: Թեպետ նախորդ խոշորացման պարագայում նշվում էր, որ բնակիչների ցանկությունը հաշվի են առնելու, լսելու են խոշորացման դեմ բոլոր կարծիքները, սակայն դա չխանգարեց, որ գործընթացն իրականացվի ինչպես նախօրոք ծրագրվել էր: 2019թ.-ից սկսած` կառավարությունը, անդրադառնալով համայնքների խոշորացմանը, մշտապես շեշտում էր, որ համայնքների ձայնն ու միավորվելու ընդունելի տարբերակները հաշվի են առնվելու, սակայն որոշում ընդունվեց վերականգնել խորհրդային տարիների նախկին շրջանները՝ առանց հանրային քննարկումների եւ բնակիչների դիրքորոշումը հաշվի առնելու:

Սարապատ խոշորացված համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանն ասում է, որ ի սկզբանե ինքը կողմ է եղել համայնքների խոշորացման գաղափարին: Համարում է, որ դա լավագույն տարբերակն է հատկապես փոքր գյուղերի համար, որտեղ բյուջեն հնարավորություն չի տալիս որեւէ ծրագիր իրականացնելու: «Ես ողջունել եմ նախորդ խոշորացումը, որովհետեւ ենթակառուցվածքներով, ընդհանուր պրոբլեմներով, իրար կից համայնքները խոշորանալու պարագայում առկա հարցերին արդյունավետ լուծումներ կտային: Ես կարող եմ բերել Սարապատի օրինակը, որ իր մեջ ներառում էր Ձորի գյուղեր կոչվող ենթաշրջանը։ Անցած հինգ տարիների ընթացքում մենք կատարել ենք աշխատանքներ, որոնք իրենք ինքնուրույն ոչ մի կերպ չէին կարողանա իրականացնել»,-բացատրում է Արտուշ Մանուկյանը:

Սարապատ խոշորացված համայնքի այս տարվա բյուջեն 149 մլն դրամ է: Համայնքում ծրագրեր են իրականացվել թե սեփական եկամուտների հաշվին, թե համաֆինանսավորմամբ: Սարապատ համայնքը Շիրակի մարզում գործող ՀԿ-ների հետ համագործակցային ծրագրերի իրականացմամբ համարվում է առաջատար՝ համեմատած մյուս խոշորացված համայնքների հետ: Այստեղ զարգացման ծրագրեր են իրականացնում «Կանայք հանուն զարգացման» եւ «Բիոսոֆիա» ՀԿկ-ները, «Կարիտաս» հայկական բարեսիրական կազմակերպությունը: 

«Ես մի շատ կարեւոր ծրագրի մասին պիտի ասեմ. մենք կարողացանք էս տարիների ընթացքում 16 հատ հակակարկտային կայան տեղադրել, որ ընդհանրապես չի եղել տարածաշրջանում, համայնքի կազմում գտնվող բոլոր բնակավայրերն ապահովել ենք խմելու ջրով, 4 բնակավայրում ֆոտովոլտային կայան ենք տեղադրել, մի քանի բնակավայրերում խաղահրապարակներ ենք կառուցել երեխաների համար, ջրարբիացման ծրագիր ենք իրականացրել՝ լուծել ենք անասունների խմոցների հարցը, ոռոգման համակարգեր ենք կառուցել ու նորոգել, հանդիսությունների սրահներ ենք նորոգել եւ այլն: Տարածքային զարգացման հիմնադրամի հետ 150 մլն դրամի շրջանակում Գոգհովիտի, Թորոսգյուղի եւ Հողմիկի ոռոգման համակարգն ենք վերակառուցում: Մրցույթն այս ծրագրի հետ կապված հայտարարված է, շինարարը հայտնի է, ուղղակի աշխատանքները կսկսենք հաջորդ տարվանից»,-նկատում է զրուցակիցս:

Արտուշ Մանուկյանը առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով՝ 2-րդ տեղով, ցուցակը գլխավորում է Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը: Միավորվող համայնքի ավագանու ընտրություններին Աշոցքում երկու ուժ է մասնակցում՝ երկրորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Արտուշ Մանուկյանի համոզմամբ, եթե այս խոշորացումը չլիներ, ինքը նույն ձեւով շարունակելու էր աշխատել եւ ծրագրեր իրականացնել, քանի որ կարեւորը աշխատանքային թիմն է: 

«Խոշորացումից առաջ, հատկապես էն գյուղերում, որտեղ մեկ-երկու ծրագիր էր իրականացվել, մտավախություն ունեին, թե եղածն էլ կմեռնի, բայց կյանքը հակառակը ցույց տվեց,-ասում է Արտուշ Մանուկյանը,-հիմա, որ նայում ես, թե քանի գյուղում ինչքան ծրագիր ենք արել 5 տարում, հեչ համեմատելի չէ: Ես որ ընտրվեցի, ավագանին իմ թիմը չէր, բայց հետագայում միասին աշխատելով դարձանք մեկ թիմ: Ինձ համար կարեւորը հենց թիմային աշխատանքն է: Կարծում եմ՝ էս մի խոշորացումից էլ համայնքները կշահեն՝ ի վերջո ավելի մեծ բյուջե կձեւավորվի, ավելի շատ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել»:

Աշոցք եւ Սարապատ խոշորացված համայնքների միավորումն ընգրկելու է ոչ թե 26, այլ՝ 25 բնակավայր: Հողմիկը, որ խորհրդային տարիներին եղել էր Ամասիայի շրջանի կազմում եւ նախորդ խոշորացման ժամանակ բնակիչների ցանկությամբ ընդգրկվել Սարապատ խոշորացված համայնքի կազմում, վերադառնում է նախկին կարգավիճակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter