Ազատամարտի եղբայրության դաշտային հրամանատարության խորհրդի հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,
Մոտալուտ խորհրդարանական ընտրությունները և դրանց ուղեկցող գործընթացները ոչնչով չեն տարբերվում վերջին քսանամյակի կեղծիքներով, ապօրինություններով և իշխանությունների սանձարձակությամբ լեցուն ընտրություններից:
Օրնիբուն արդար ընտրություններ անցկացնելու իրենց վճռականության մասին տարփողող քաղաքական ուժերը որևէ քայլ չեն արել այդ մտադրությունը ապացուցելու համար: Հանցախմբի լիակատար վերահսկողության տակ է զանգվածային լրատվությունը. հանցավոր տարրերով համալրված իշխանական ճամբարը պատրաստվում է նոր նվաճումների: Չի պատժվել նախորդ ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն կեղծած որևէ անձ կամ պաշտոնյա, ավելին՝ նրանց է վստահված հերթական ընտրակեղծիքների իրականացումը:
Տարակուսելի է ընդդիմության կեցվածքն ու հերթական անգամ նույն փոցխի վրա կանգնելու պատրաստակամությունը: Մոռացված են բոլոր պահանջները, ընտրություններին մասնակցելու համար որևէ նախապայման չի դրվում, չի երևում, թե ինչպես են այս անգամ խափանելու արդեն իսկ կեղծվող ընտրությունների ավանդական ընթացքը: Որոշ ընդդիմադիր ուժեր խոստանում են կեղծվելիք ընտրություններից հետո ետընտրական գործընթացներ սկսել: Արդյոք նախորդ կեղծիքները, իշխող վարչախմբի վերջին 20 տարիների հանցավոր գործողությունները բավարար չեն ետընտրականը նախընտրականի վերածելու համար:
Մեր խորին համոզմամբ, խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր դաշտի առանց նախապայմանների մասնակցությունը անիմաստ է և հղի վարչախմբի վերարտադրությունը օրինականացնելու հեռանկարով: Մենք համոզված ենք, որ իշխանությունը բռնազավթած ռեժիմի օրոք ցանկացած ընտրություն ֆարս է, իսկ հանցախմբի դեմ պայքարը ընտրական գործընթացներով պայմանավորելու հիմք չենք տեսնում:
Մի կողմ թողնենք ընտրական կրքերը, կենտրոնանանք դրանք ֆարսի վերածող վարչախմբի հեռացման հրամայականի վրա: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ դիմում ենք իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններին և քաղաքական գործիչներին.
- Մի՛ համագործակցեք ապօրինի իշխանությունների հետ, մի՛ մասնակցեք ընտրություններին քանի դեռ.
Չեն բացահայտվել Հայաստանը անդունդը գլորող մարդկանց անունները: Սպանություններ պատվիրած և կատարած մարդկանց անունները:
Չի բացահայտվել, թե որ քաղաքական գործիչը որ երկրի հատուկ ծառայության գործակալ է:
Դիմում ենք նաև ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հավատում են, որ ընտրությունների միջոցով հնարավոր է վերականգնել ժողովրդավարությունը երկրում.
- Ո՛չ մի քվե այն անհատներին և կուսակցություններին, որոնք հրապարակավ չեն հայտարարի, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է ժողովրդից, ում առաջնահերթ խնդիրը հանցախմբին օր առաջ հեռացնելն է:
ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրավամբ չեն հավատում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է վերականգնել ժողովրդավարությունը, կոչ ենք անում թոթափել հիասթափության և դատապարտվածության զգացումը, թողնել, որ բացահայտվեն բոլոր կեղծ ժողովրդավարերն ու քաղաքական հանցագործները:
Նախապատրաստվել լուրջ հարվածի, ազգովի դուրս գալ փողոց՝ բողոքի, և վերջ տալ այս անառակությանը: Մենք լուրջ պատրաստվել էինք 2007-ի սկզբին, սակայն չկարողանալով նորից կանխել խաղը՝ ետ քաշվեցինք: Սա մեր ազգի վերջին հնարավորությունն է կործանումից փրկվելու համար: Շուտով միջազգային ուժերը կբացահայտեն բոլորի ստերը ու միջազգային դատարանի առաջ կկանգնեցնեն թե՛ անհատների թե՛ մեր երկիրը:
Աստված մեզ պահապան:
Ազատամարտի եղբայրության դաշտային հրամանատարության խորհուրդ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել