HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, որը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, իշխանության յուրացման նախապատրաստման մեջ, կալանավորվել է: Այս մասին հայտնում է  Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ավելի քան մեկ տարի առաջ` 2020  թվականի նոյեմբերին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, որոշել է մերժել ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ: Դատարանը համարել է, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Մինասյանը կատարել է իրեն վերագրվող արարքը: Հետագայում վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատարանի որոշումը, դատախազությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մասնակիորեն բավարարել է  դատախազության բողոքը և գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք կրելը) նախատեսված հանացագործության կատարմանն Ա. Մ.-ի առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաև խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:

Պաշտպան Միհրան Պողոսյանի խոսքով՝ Մինասյանին կալանավորելու որոշումը կայացրել է վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը: Պաշտպանը որոշումն ակնհայտ ապօրինի է որակում: Վերջինիս խոսքով՝ Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման սպասում էր կալանավորվելուն, այսինքն՝ ակնկալում էր, որ պետք է կալանավորվի: Միհրան Պողոսյանի համոզմամբ՝ քննիչի միջնորդությունը բավարարելով՝  դատավորը փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանության ցանկությունն է։ Պաշտպանն ընդգծում է, որ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունից հետո մեկ տարի է անցել: Միջնորդության մեջ քննիչը նշել է Մինասյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու կամ թաքնվելու վտանգը: Պաշտպանը դիտարկում է, որ մեկ տարի Մինասյանը գտնվել է ազատության մեջ, և վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ նրա կողմից  քննությանը խոչընդոտելու  կամ թաքնվելու վերաբերյալ որևէ տվյալ, ու նման պայմաններում, փաստորեն, դատարանը որոշում է նրան կալանավորել: Միհրան Պողոսյանի խոսքով՝ Աշոտ Մինասյանը դիրքորոշում է հայտնել, որ տեղի ունեցածն իրեն  մեկուսացնելու նպատակ ունի՝ պայմանավորված Սյունիքում կատարվող գործընթացներով: Ըստ Մինասյանի՝  առաջին փուլով Սյունիքի համայնքապետերին էին մեկուսանում, իսկ երկրորդ փուլով արդեն, այլ ակտիվ անձանց:

Նշենք, որ գործով, որով Աշոտ Մինասյանը կալանավորվեց, մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ կուսակցության անդամ Աշոտ Ավագյանը։ ԱԱԾ-ն դատարան էր  ներկայացրել նաև վերջիններիս կալանավորելու միջնորդություններ, որոնք նույնպես մեկ տարի առաջ մերժվել են։

Ազգային անվտանգության ծառայությունը դեպքի առթիվ հայտնել է, որ «Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր»։

Գործով անցնող անձինք իրենց մեղադրանքները չեն ընդունում։ Աշոտ Մինասյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Մեկնաբանություններ (1)

George G
Some ought to arrest corrupt Pashinyan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter