Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձ մեղադրյալի կարգավիճակում է․ Դատախազություն
2021թ. առաջին 10 ամսվա ընթացքում Տավուշի մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
«Այդ դեպքերից 113-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հիմնականում պատճառված վնասը քրեական գործի հարուցման համար բավարար չլինելու պատճառով: Չնայած դրան, այս դեպքերով 42 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված վնասների 85 %-ը, մյուս մասի վերականգնումն ընթացքի մեջ է:
Մնացած դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Կապված ապօրինի անտառահատումներն անտառների պահպանության համար պատասխանատու անտառապահների կողմից դրսևորած պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում կատրված լինելու հետ՝ այս քրեական գործերից 21-ը հարուցվել է Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի կամ 308-րդ հոդվածի տարբեր մասերի համակցությամբ։
2 քրեական գործ ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի անտառապահի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն կատարելու համար, որի արդյունքում ապօրինի կերպով հատվել է 46 ծառ՝ բնությանը պատճառելով 6.8 մլն դրամ, իսկ մյուս գործով մեկ այլ անտառապահի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց կանգուն 15 ծառեր ապօրինի հատելը թույլ տալու համար, որի արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 2 մլն դրամ: Երկու դեպքում էլ, վնասի վերականգնման համար երաշխքներ ապահովելու նպատակով մեղադրյալների գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:
2021թ. անտառների պահպանության համար պատասխանատու՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ներկայիս տնօրենի, ավագ անտառապետի, պահպանության ինժեների կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և դրանց արդյունքում անտառից ապօրինի փայտանյութ դուրս բերելու դեպքերի առթիվ քննվում է մեկ քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է:
Բացի այդ, Տավուշի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվում է նախկինում հարուցված ծավալուն, բազմադրված 3 քրեական գործ, որոնք կապված են «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսության» պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ, բազմաթիվ դրվագներով կաշառքի, կաշառքի միջնորդության, դրանց հետևանքով անտառներից կատարված ապօրինի՝ ընդհանուր առմամբ 228 ծառերի հատումների:
Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 15 անտառապահի:
Նշված 3 քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 21.4 մլն դրամ, վնասի վերականգնման համար երաշխքներ ապահովելու նպատակով մեղադրյալների գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:
Ապօրինի անտառահատումների առթիվ քննված քրեական գործերով, նախապատրաստված նյութերով պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների կապացությամբ Տավուշի մարզի դատախազների կողմից նշված ժամանակահատվածում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց վերադասներին ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու 5 միջնորդություն, 4 միջնորդագիր և 9 հաղորդում: Դրանց արդյունքում 18 անձ (4 անտառապետեր և 14 անտառապահներ) ենթարկվել է կարգապահական տույժի: Ընդ որում՝ 2 անտառապահ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ նրանց անմիջական վերադաս մասնաճյուղի ղեկավարներին հայտարարվել է խիստ նկատողություն: Դատախազների կողմից այս ուղղությամաբ կատարած աշխատանքի ցուցանիշը, ըստ էության, կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել