HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՈ տեսուչին մեղադրանք է առաջադրվել 350 հազար դրամ կաշառք վերցնելու համար

Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» (ՃՈ) ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է. Ս.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և իր համագյուղացի Գ. Գ.-ի օժանդակությամբ ստացել 350 հազար դրամ կաշառք` Երևանի բնակչուհի Լ. Բ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ տեսական քննությունը կազմակերպելու և դրական գնահատելու համար: Այս մասին ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Գ.-ն Լ. Բ.-ի հետ հանդիպման ընթացքում վերջինիս վստահեցրել է, որ իր օժանդակությամբ ՃՈ տեսուչ Է. Ս.-ին 350 հազար դրամ կաշառք տալու դեպքում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անցկացվող տեսական քննությունը ձևական բնույթ կկրի, և հնարավոր խնդիրները կհարթեն ոստիկանության ծառայողները: Դրանից հետո` նոյեմբերի 27-ին, Լ. Բ.-ն Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը, որի ընթացքում չի կարողացել ճիշտ պատասխանել առաջադրված հարցերին: Տեսական քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ուղղորդել է Լ. Բ-ին` նշելու ճիշտ պատասխանները, որի արդյունքում վերջինիս քննությունը դրական է գնահատվել: 

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, տեսական քննությունից հետո Գ. Գ.-ն ՃՈ տեսուչ Է. Ս.-ին փոխանցելու համար Լ. Բ.-ից ստացել է 350 հազար դրամ կաշառքի գումարը և տեղում բռնվել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Վերը նշված արարքների կատարման համար Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter