
Եվրամիության 11 երկրներում հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքեր
Դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ Եվրամիության 11 երկրներում գրանցվել է կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամով վարակման 59 դեպք։ Այդ մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC)՝ հղում անելով բաց աղբյուրների տվյալներին։ Այդ երկրների թվում են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան և Շվեդիան։
Հիվանդության բոլոր հայտնի դեպքերն ընթացել են առանց կամ թույլ արտահայտված ախտանշաններով։ Կենտրոնում ընդգծել են, որ ԵՄ-ում չի գրանցվել օմիկրոն շտամով հիվանդացության ծանր ընթացք կամ մահվան դեպք։ Վարակվածների մեծ մասն ավելի վաղ այցելել էին Աֆրիկայի երկրներ։
ECDC-ն նշում է, որ Եվրամիության մի քանի երկրներից ևս տեղեկատվություն է ստացվել օմիկրոնով հնարավոր վարակման մասին, սակայն այդ դեպքերը դեռևս չեն հաստատվել։
Եվրամիության սահմաններից դուրս օմիկրոն շտամով վարակման դեպքեր են գրանցվել 12 երկրներում և տարածքներում (Ավստրալիա, Բոթսվանա, Բրազիլիա, Կանադա, Հոնկոնգ, Իսրայել, Ճապոնիա, Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Աֆրիկա, Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա)։
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ողջ աշխարհում գրանցվել է օմիկրոնով վարակման 226 դեպք։ Նույն օրն ավելի վաղ, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ Ռուսաստանում օմիկրոնով վարակման դեպք չի հայտնաբերվել։
Այս տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտարարել էին, որ առաջացել է մեծ քանակությամբ մուտացիաներով կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է լինել առավել վարակիչ։ Հստակ տվյալներ, որոնք հաստատում կամ հերքում են այդ հանգամանքը, դեռևս չկան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ներառել է կորոնավիրուսի շտամների թվում, որոնք մտահոգություն են առաջացնում, և այն կոչել հունական այբուբենի օմիկրոն տառով։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել