Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Փոքրիկ կենդանասերների համար տոնական բարձր տրամադրությունը և ուրախ մթնոլորտն ապահովված էին: Կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ, Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանուկների մուտքն անվճար է: Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ:
Տարոն Մարգարյանը այգու տնօրենի և փոքրիկ կենդանասերների ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են, և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրել էր քաղաքապետարանը, հետզհետե կյանքի են կոչվում:
Շրջայցից հետո զրուցելով լրագրողների հետ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական: «Մենք համագործակցում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում նաև այն ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Կենդանաբանական այգով: Ունենք նախնական նախագծեր, որոնք կարճ ժամանակում կյանքի կկոչենք, և այգին կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Դրական տեղաշարժն արդեն իսկ ակնհայտ է»,- ասել է նա:
Որպես տարվա կարևոր ձեռքբերում՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն առանձնացրել է կենդանաբանական այգու գազիֆիկացումը: «Երևանի քաղաքապետի աջակցությամբ մենք կարողացանք ամբողջությամբ լուծել Կենդանաբանական այգու ազատավանդակների ջեռուցման խնդիրը: Ավելի քան 70 տարի զրկված լինելով նման հնարավորությունից՝ արդեն այս տարի՝ ձմռանը, կենդանիներն ամբողջությամբ ապահովված կլինեն ջեռուցմամբ: Քաղաքապետարանի ծրագրով այգում նաև բարեկարգման, ազատավանդակների վերակառուցման ու ընդլայնման աշխատանքներ են տարվել»,- նշել է այգու տնօրենը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել