
Հունաստանում պատվաստումից հրաժարված 60-անց մարդկանց կտուգանեն ամսական 100 եվրոյով
Հունաստանի իշխանությունները որոշել են 60 տարեկանից բարձր քաղաքացիների համար պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Վարչապետի խոսքով՝ մինչև հունվարի 16-ը Հունաստանի 60-ից բարձր բնակիչները պետք է հերթագրվեն բժշկի մոտ և ստանան պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ամիս նրանք ստիպված կլինեն վճարել 100 եվրո վարչական տուգանք։ Ինչպես նշում է Reuters-ը, Հունաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 730 եվրո։ Տուգանքներից ստացված գումարը կհավաքվի հատուկ ֆոնդում, որը կուղղվի հիվանդանոցների ֆինանսավորմանը։
Պարտադիր պատվաստման որոշումը Միցոտակիսը բացատրել է նրանով, որ Հունաստանի հիվանդանոցներում հիմնականում հայտնվում են այս տարիքային խմբի չպատվաստված բնակիչները։ «Դա պատիժ չէ։ Ես կասեի, որ դա կյանքի գինն է»,- հայտարարել է հունական կառավարության ղեկավարը։
Միցոտակիսը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս պետք է ստանա խորհրդարանի հավանությունը, սակայն սպասվում է, որ օրենսդիրը կընդունի այն։ Ընդդիմադիր «Սիրիզա» ձախամետ կուսակցությունը նորամուծությունն անվանել է «պատժիչ»։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Հունաստանում պատվաստվել է բնակչության 61,64 %-ը։ Ընդ որում, այդ երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 520 հազար չպատվաստված մարդ 60-ից բարձր տարիքի է։
2022 թվականի փետրվարից բնակչության կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա Ավստրիայում։ Այդ երկրում դեռևս պատրաստում են փոփոխության օրենսդրական հիմքերը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ իշխանությունները դիտարկում են պատվաստումից հրաժարվողներին մինչև 7200 եվրոյով տուգանելու տարբերակը։
Լուսանկարը՝ SAKIS MITROLIDIS/AFP via Getty Images
Մեկնաբանել