HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրապարակախոս Էրիկ Զեմուրը հաստատել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր մասնակցությունը

Ֆրանսիացի աջ ծայրահեղական հրապարակախոս, լրագրող Էրիկ Զեմուրը, ինչպես վաղուց սպասվում էր, պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին։ BBC-ն գրում է, որ իր քաղաքական հայացքներով և շարժուձևով Զեմուրը նմանություններ ունի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Երկար ժամանակ ես բավարարվում էի լրագրողի դերով…, բայց ես այլևս չեմ հավատում, որ քաղաքական գործիչը քաջություն կունենա փրկելու երկիրը ողբերգական ճակատագրից, որն իրեն սպասում է։ Ահա, թե ինչու եմ ես որոշել հավակնել նախագահի պաշտոնին»,- հայտարարել է 63-ամյա Զեմուրն իր տեսաուղերձում, որը տարածվել է սոցիալական ցանցերում։

Էրիկ Զեմուրն արդեն երկար տարիներ իր հրապարակախոսությամբ «կանխատեսում է ֆրանսիական քաղաքակրթության ավարտը»։ 2014 թվականին լույս տեսած «Ֆրանսիական ինքնասպանություն» գիրքը նրա ամենահայտնի գործն է։ Գրքում հեղինակը մատնանշում է Ֆրանսիայի «հալալացումը» (խմբ. իսլամացում իմաստով) և «ֆեմինացումը» և կոչ անում վերադարձնել նախկին արժեքներն ու հիերարխիան. ընտանիք, աշխատանք, ազգ, պետություն և դպրոց։ 

Զեմուրի ամենասկանդալային դիրքորոշումներից մեկը Վիշիի կոլաբորացիոնիստական ռեժիմի մարշալ Անրի Պետենի արդարացման փորձն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Այսպես, քաղաքական գործիչը պնդում է, որ Վիշիի ռեժիմը, համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու համար, նացիստներին տվել է միայն այն հրեաներին, որոնք չունեին ֆրանսիական քաղաքացիություն։ Դա ճիշտ չէ։ Վիշիի ռեժիմը հրեաներին հետապնդելու հարցում ոչ միայն համագործակցում էր նացիստների հետ, այլև ինքնուրույն ընդունել է օրենսդրական մի քանի ակտ, որոնք հրեաներին զրկում էին քաղաքացիական իրավունքների մեծ մասից։ 

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները պետք է կայանան 2022 թվականի ապրիլին։ Հարցումները ցույց են տալիս, որ գործող նախագահ Էմանուել Մակրոնը այդքան էլ շատ չի գերազանցում Մարին լը Պենին, ինչպես 2017 թվականին։ Այդ քաղաքական գործիչները հավանաբար դուրս կգան երկրորդ փուլ։ Առաջին փուլի ընթացքում թեկնածուներից և որևէ մեկը չի ստանա ձայների մեծամասնությունը։

Հենց դրա վրա էլ իր հույսը դնում է Մակրոնը։ Վերջին տարիներին, երբ երկրորդ փուլ էր անցնում ծայրահեղ աջերի ներկայացուցիչը, քաղաքական մյուս ուժերի կողմնակիցները միավորվում էին մյուս թեկնածուի շուրջ։ IFOP-ի հարցման համաձայն, եթե երկրորդ փուլում Մակրոնի մրցակիցը լինի Լը Պենը, որը վերջին տարիներին շատ է աշխատել իր կուսակցության ընտրազանգվածի ընդլայնման ուղղությամբ, ապա Մակրոնը կհաղթի նրան՝ հավաքելով ձայների մոտ 54 %-ը։

Այդուհանդերձ, համարվում է, որ ֆրանսիական հասարակությունը աստիճանաբար սկսում է նախապատվությունը տալ աջ ուժերին։ Մակրոնը վերջին ամիսներին ձգտում է իր կողմը գրավել աջ ընտրազանգվածին՝ մասնավորապես հանդես գալով ընդդեմ առաջադիմական գաղափարախոսությունների, ինչպիսին BLM-ն է (Black Lives Matter)։

Զեմուրն ինչ-որ ժամանակ առաջ էր անցել Լը Պենից, սակայն, վերջին հարցումների համաձայն, սկսել է դարձյալ զիջել։ Harris ընկերության հարցումները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 30-ին, ցույց են տալիս, որ առաջին փուլի ընթացքում նա կարող է հավաքել ձայների մոտ 13 %-ը։

Լուսանկարը՝ Joel Saget/AFP/File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter