HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի անշարժ գույքերի ձեռքբերման գործընթացում խարդախության դեպք է բացահայտվել

Հայաստանում գործող կազմակերպություններից մեկի համահիմնադիրները, տեղյակ լինելով, որ գործող տնտեսվարող կազմակերպություններից մեկը հետաքրքրված է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի՝ հարկադրված սնանկությամբ պայմանավորված աճուրդով վաճառքի հանված անշարժ գույքերը ձեռք բերելու գործընթացով, 99 մլն 635 հազար և 131 մլն 179 հազար դրամ արժեքներով արտադրամասի, հողամասի առուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերել համապատասխանաբար 4135,5 քմ մակերեսով նախկին գործարանի արտադրամասն իր 0,28 հա հողատարածքով և 9766,2 քմ մակերեսով արտադրամասն իր 1,28 հա հողատարածքով: Այս մասին ասվում է ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում։

«Նշված կազմակերպության համահիմնադիրները, նախնական համաձայնության գալով վերոնշյալ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տնտեսվարող կազմակերպության աշխատակիցների հետ, օգտագործելով հիշյալ կազմակերպությունում իրենց հեղինակությունը, կառավարման մարմինների հետ ունեցած հարաբերությունները, չարաշահել են նրանց վստահությունը և ազդելով նրանց գիտակցության վրա, մոլորեցնելու եղանակով համաձայնություն են ստացել վերջիններից իրենց կողմից ձեռք բերված անշարժ գույքն իրենց ցանկալի արժեքով այդ կազմակերպությանը վաճառելու վերաբերյալ: Այնուհետև, կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով նախկինում 99 մլն 635 հազար դրամ արժեքով ձեռք բերված անշարժ գույքը 165 մլն 260 հազար դրամով, իսկ 131 մլն 179 հազարը՝ 398 մլն 739 հազար ՀՀ դրամով վերավաճառել են կազմակերպությանը՝ այդ կերպ ընկերությունից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 334 մլն 185 հազար դրամը:

Միաժամանակ, նյութերով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2017 թվականին Լոռու մարզի Սպիտակի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման և համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցման, միանձնյա որոշմամբ քանդման թույլտվություն է տվել կազմակերպությանը, որպիսի պայմաններում կազմակերպությունը ապամոնտաժել է Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի շինությունները և դրանք տեղափոխել այլ վայր:

Դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter