HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քարտեզագիր. «Սահմանազատման գործընթացում Հայաստանին առավել ձեռնտու կլինեն 1920-1929 թվականների քարտեզները»

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման, այդ հարցում խորհրդային պրակտիկայի ու այդ գործընթացում անկլավների հարցի մասին զրուցել ենք քարտեզագիր Շահեն Շահինյանի հետ։

-Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կողմերը պաշտոնապես ազդարարեցին սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին, որի համար մինչև տարեվերջ պետք է ստեղծվեն մեխանիզմներ։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացը հնարավոր է իրականացվի խորհրդային տարիներին ընդունված քարտեզներով։ Ըստ Ձեզ՝ հայկական կողմը սահմանազատման բանակցությունների ժամանակ կոնկրետ ո՞ր թվականի քարտեզները պետք է պնդի և ինչու՞։

Համաձայն մեր վերլուծությունների Հայաստանին առավելագույնս ձեռնտու կլինեն 1920-1929 թվականների հատվածում կազմված և ընդունված քարտեզները, երբ Հայաստանը նոր էր խորհրդայնացվել։ Սակայն թե ինչ քարտեզներ է կողմերին առաջարկել Ռուսաստանի Դաշնության նախագահը, դժվար է այս պահին նշել, քանի որ քարտեզները տարբեր տարիների ընթացքում փոփոխություններ են կրել։ Ավելին, ընդհուպ մինչև 1970-ական թվականները, այդ քարտեզները փոփոխվել են։ Եվ այս համատեքստում կարևոր է լինելու, թե որ թվականի քարտեզի շուրջ են ընթանալու բանակցությունները։ 

Շատ վիճելի տարածքներ կան։ Խոսքը գնում է մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածքի մասին և կան որոշակի հատվածներ, որոնք Հայաստանին են պատկանելու, և կլինեն որոշակի տարածքներ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին, սակայն եթե ընդհանուր առմամբ վերլուծենք, ապա 1920-1929 թվականների քարտեզներից ավելի շատ շահելու է Հայաստանը։ 

-Խորհրդային տարիներին սահմանազատում և սահմանագծում է իրականացվել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։ Ըստ Ձեզ, այդ տարիներին իրականացված սահմանազատումն և սահմանագծումը կարո՞ղ է արդյոք դառնալ բանակցությունների հիմք։

Երբ մենք խոսում ենք, որ խորհրդային տարիներին իրականացվել են սահմանազատման աշխատանքներ, անհրաժեշտ է ֆիքսել, որ դրանք չեն եղել պետական սահմանի սահմանազատման աշխատանքներ, այլ մեկ պետության կազմում գտնվող հանրապետությունների։ Օրինակ, 2000-ական թվականներին Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների միջև նույնպես իրականացվել են սահմանազատման աշխատանքներ, սակայն դրանք չեն ունեցել խիստ կարևորություն և չեն լուծել պետական մասշտաբի խնդիրներ։ Իսկ այս դեպքում, երբ մենք խոսում ենք պետական սահմանի սահմանազատման աշխատանքների մասին, անհրաժեշտ է շեշտել, որ արդյունքները կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության հետագա ապագայի վրա։ 

Ես տեսակետ եմ լսել, որտեղ նշում են, որ անհրաժեշտ է զրոյից սկսել սահմանազատումը։ Այն ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Այսինքն, ընդհանրապե՞ս հաշվի չառնել նախկինում գոյություն ունեցող ոչ մի փաստաթուղթ և հիմա զրոյից սկսել իրականացնել։ Եթե մեկնաբանությունն այդ կողմ տանենք, ապա ես մեծ ռիսկեր եմ տեսնում, քանի որ այս պահին սահմանազատման գործընթացին փորձում են սկսել ուժի կիրառման կամ դրա հնարավոր կիրառման սպառնալիքի ներքո, իսկ հաշվի առնելով, որ այս պահին գոնե Հայաստանի Հանրապետությունը հանդես չի գալիս ուժի դիրքից, ապա մեր դեպքում զրոյից սկսել այս ամենը, բավականին լուրջ ռիսկեր է պարունակում։

-Ստացվում է, որ Հայաստանի համար հենց հիմա, երբ դեռ պատերազմում պարտության գործոնը կա, վտանգավոր է գնալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների։

Այո, սահմանազատման գործընթացին այս պահին գնալը շատ ռիսկային է, քանի որ քաղաքակիրթ երկրներում սահմանազատման աշխատանքները իրականացվում են իրավական հիմքով և գոնե շատ, թե քիչ հարևանային միջավայրում: Իսկ մեզ մոտ միջավայրը թշնամական է։ Ինչքան էլ հայտարարություններ հնչեն, պարզ տեսնում ենք, որ գոնե Ադրբեջանը մեր նկատմամբ տրամադրված է թշնամաբար։

-Իսկ մասնագիտական հանրությանը առաջարկ արդեն արվե՞լ է ներգրավվելու այդ աշխատանքներին։

Աշխարհում կա պրակտիկա ներգրավելու և՛ միջազգային, և՛ տեղական փորձագետների։ Սակայն այս գործընթացում կողմերը մտադրություն ունեն, թե ոչ, չեմ կարող ասել։ Մինչ օրս գոնե ներպետական քննարկումներում ես տեղեկատվություն չունեմ՝ ներգրավվել են արդյոք անկախ փորձագետներ։

-Վաղ, թե ուշ առաջանալու է նաև նախկին անկլավների պատկանելիության հարցը։ Եթե տեսականորեն ընդունենք, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են այն քարտեզներով, որոնց պարագում Խորհրդային Հայաստանին և Խորհրդային Ադրբեջանին պատկանած անկլավները անցնում են այդ երկրներին, որքանո՞վ է տրամաբանական, որ նման սցենար կլինի։ Արդյոք դեռևս արդիակա՞ն է անկլավների պահպանման հարցը։

Անկլավների հարցը ավելի խորը հետազոտության կարիք ունի։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ իրավական հիմքով և ինչ խնդիր լուծելու համար են այդ անկլավները ստեղծվել։ Եթե պարզվի, որ այդ անկլավների ստեղծման հիմքերը, ներկայումս վերացել են, ապա կարող է խոսք գնալ անկլավների փոխանակման և դրանց փոխադարձ ճանաչման վերաբերյալ։ Բայց երբ խոսում ենք անկլավների մասին, պետք է հասկանանք, որ անկլավները մինչև 1929 թվականն առնվազն գոյություն չեն ունեցել։ Դրանք առաջացել են հետագա տարիներին և որքանով ես եմ տեղյակ, ստեղծվել այն հիմնավորմամբ, որ Հայաստանի տարածքում առկա էր ադրբեջանախոս բնակչություն, և նույնը Արծվաշենի պարագայում, որը հայաբնակ էր, և նպատակահարմար է համարվել, որ դրանք գտնվեն համապատասխան էթնիկ տարր ունեցող խորհրդային պետության կազմում։

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Արծվաշենում, Տիգրանաշենում, Վերին Ոսկեպարում, Սոֆուլու, Բարխուդարլու հատվածներում չկա այն բնակչությունը, որը որ տարբերվում է տվյալ պետության հիմնական բնակչությունից, այս դեպքում կարելի է ենթադրել, որ այն հիմքերը, որոնք առաջ են բերել անկլավների ստեղծմանը, վերացած են։ Այսինքն, քանի որ Հայաստանի տարածքում գտնվող Խորհրդային Ադրբեջանի անկլավներում ադրբեջանական բնակչություն չկա, իսկ Արծվաշենում էլ հայեր չեն ապրում, ապա անկլավների գոյության հիմքերը սպառվել են։ 

Սահմանազատման գործընթացն ամբողջությամբ հիմնված է պայմանավորվածությունների և փոխադարձ համաձայնությունների վրա։ Չի կարող, առանց համաձայնության, սահմանազատում իրականացվել։ Եթե դրանք լինելու են միակողմանի զիջումներ, ապա զիջող կողմին ընդհանրապես պետք չի սահմանազատում։

-Այս հարցը թերևս շատ է քննարկվում, սակայն դրան անդրադառնալը խիստ կարևոր է, հատկապես, հաշվի առնելով դրա էմոցիոնալ կողմը։ Արդյոք սահմանազատման և սահմանագծման գործընթացը ենթադրու՞մ է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, թե՞ սրանք լրիվ այլ իրավական գործընթացներ են։

Դա կախված է այն միջպետական պայմանագրից, որը սահմանազատման գործընթացի մեկնարկին և ավարտին կդրվի սեղանին։ Պարտադիր չէ, որ կողմերը ճանաչեն միմյանց տարածքները ամբողջականությունը։ Եթե ճանաչում են սահմանները, պայմանագրում կարող է նման կետ լինել, որ, օրինակ, արցախյան հիմնահարցի քննարկումը թողնվում է հետագա տարիներին։ Այսինքն, եթե պայմանագրում չլինի նման կետ, ապա կարելի է իրականացնել սահմանազատում, առանց փոխադարձ ճանաչման։ 

Իմ կարծիքով պետական սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչումը պետք չէ հակադրել արցախյան հիմնահարցին, քանի որ, ինչքանով տեղյակ եմ, սահմանների ճանաչման վերաբերյալ կետ է եղել, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցում էին ԱՊՀ-ին։ Փաստաթուղթն ստորագրվել է, սակայն այն ազդեցություն չի ունեցել արցախյան հիմնահարցի վրա։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կարող ենք ճանաչել այն տարածքը, որով Ադրբեջանը դուրս է եկել Խորհրդային միության կազմից։ Իսկ Խորհրդային միության կազմից Ադրբեջանը դուրս է եկել առանց Արցախի։

Լուսանկարը՝ Շահեն Շահինյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter