
Սեփական օրենսդրական նախաձեռնությամբ՝ Եղիշե Սողոմոնյանը հավակնում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնին
Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իմքայլական նախկին պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Վերջինս տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցացիայի անդամ է, մինչ պատգամավոր ընտրվելը զբաղվել է հաշվապահական գործունեությամբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ թեկնածուն հանրային ֆինանսների կառավարման բնագավառում որևէ փորձառություն չունի:
Գևորգ Պապոյանը համաձայնեց, ապա հավելեց՝ օրենքում նման պահանջ չկա, բացի այդ՝ թեկնածուն ֆինանսական ոլորտում երկար տարիների փորձառություն ունի, որն, ըստ Պապոյանի, իր մեծ արդյունավետություն կունենա:
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ Եղիշե Սողոմոնյանն է այն օրենդրական փոփոխության հեղինակներից մեկը, ըստ որի՝ համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար հանրային ֆինանսներում փորձառություն արտահայտությունը փոխարինվել է ֆինանսներում փորձառություն արտահայտությամբ:
«Այո՛, այդպես է եղել, բայց այդ ժամանակ որևէ գաղափար չի եղել, որ նման փոխոխության արդյունքում շահառուն կարող է պարոն Սողոմոնյանը լինել»,- արձագանքեց Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ նախագծի փոփոխության հիմնավորումն այն է եղել, որ պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ հնարավոր լինի մասնավոր համակարգում աշխատող մեծ փորձառություն ունեցող անձանց ներգրավել պետական համակարգում:
Ըստ նրա՝ դա չի կարող համարվել շահերի բախում, քանի որ պատգամավորների ներկայացրած նախագծերի շահառուն տարիներ անց կարող են համարվել իրենցից յուրաքանչյուրը: Նա հիշեցրեց, որ իր հեղինակած փոփոխությունների մեծ մասը վերաբերում են Հարկային օրենսգրքին, և օրինակ՝ եթե տարիներ անց չլինի պատգամավոր ու զբաղվի գործարարությամբ, իր կատարած օրենսդրական փոփոխությունների շահառուն լինելը չի կարող համարվել շահերի բախում:
Հարցին անդրադարձավ նաև Եղիշե Սողոմոնյանը՝ նշելով, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2020-ի օգոստոսին, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսք լինել չէր կարող:
«Այն ժամանակ պատգամավոր էի ու մտադրություն էլ չունեի լինել Հաշվեքննիչ պալատի անդամ: Մենք ուսումնասիրել ենք 8-9 երկիր, նման սահմանափակում չի եկել, որ հանրային ֆինանսների ոլորտում փորձառությունն է հնարավորություն տալիս հավակնել այդ պաշտոնի համար: Մի փաստ ասեմ, օրինակ՝ մանկապարտեզի հաշվապահը կամ տնտեսագետը կարող էր հավակնել այդ պաշտոնին, բայց մեծ ընկերության ֆինանսական տնօրենը, ներքին աուդիտի ղեկավարը չէր կարող հավակնել, դա արդա՞ր եք համարում»,- ասաց Եղիշե Սողոմոնյանը:
Հարցը ստացավ հանձնաժողովի հավանությունը՝ ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ:
Մեկնաբանել