Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը․ ՊՆ
Դեկտեմբերի 2-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները:
Ըստ Պաշտպանության նախարարության՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
«Հանդիպման մասնակիցներն ամփոփել են երկկողմ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները: Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Մեկնաբանել