HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մնաք բարով, իմ վաղեմի ընկերներ, ես այլևս ձերը չեմ». Միշել Բատայ

Սիրելի՛ Մովսես, շնորհավոր 60-ամյա հոբելյանդ։

Գրությանս բնաբանը պատահական չեմ ընտրել։ Արդեն 33 տարի է՝ «մարաթոն» է հայտարարված, թե Ազատության հրապարակում եռագույնը պարզելու գաղափարը ումն էր, ու թե ով է առաջինը պարզել այն։ Գիտե՞ս, մեր՝ անկախության գաղափարի մարտիկներիս՝ բանտերում ու աքսորում անցկացրած տարիների ընդհանուր քանակը 200 տարի՝ 2 դար է կազմում։ Կյանքից ու սիրուց հրաժարումի մեր այդ ծանր տարիները ի՞նչ են տվել մեր ժողովրդին, եթե այսօրվա մեր վտանգված պետականության պայմաններում մեծ ու փոքր դափնիների անմիտ մրցավազքը ստվերում է թողնում շատ ու շատ ազնիվ մղումներ։ Այս տեսարանը դիտելով, Մովսես, ինձ իրավունք եմ վերապահում քո անունից ասելու․ «Ես շպրտում եմ իմ այս դերը և հեռանում եմ այս խաղից»։ (Ի դեպ, այսօր նաև Ռուբենի Հախվերդյանի ծննդյան օրն է)։

Եթե անկեղծ լինենք, ԽՍՀՄ պետական մեքենայի հանդեպ մեր ժողովրդի վախի հաղթահարմանն ավելի մեծ չափով նպաստեց 88-ին ՊԱԿ-ի առջև կազմակերպված ցույցը (սպասենք դրա նոր կազմակերպիչների ի հայտ գալուն)։ Եվ ի՞նչ կարևոր է, թե ով մտածեց, ով իրականացրեց այս կամ այն արարքը։ Բոլորս, անկախ մեր տեսակից, մեր ապրած ու չապրած կյանքից, Հայաստանի քաղաքական կյանքում մեր բերած ավանդից, բոլորս նույն նավում  էինք։ Իսկ ինձ համար, այնուամենայնիվ, քո իսկական գինը եռագույնը պարզելը չէ։ Գիտեմ, որ ինձ ճիշտ կհասկանաս։ Դու շատ ավելին արժես։ Ինձ համար դու այն գործի արժեքն ունես, որ, ցավոք, չհասցրեցիր անել։

Եթե իմանաս, Մովսես, թե մենք ամեն օր, ամեն ժամ ինչքան ենք հեռանում այն Հայաստանից, որ վաղն էր գալու․․․

Մենք անկախության գործիքը չկարողացանք օգտագործել իրավական պետություն ստեղծելու համար, և հիմա «վայելում ենք» պարտությամբ հպարտացողների ժամանակը։ Պոետի խոսքով ասած՝

Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ

Զարմանալի՛ թեթև, զարմանալի՛ անդեմ՝

Մերկության պես տկլոր ու անանցյալ․․․

Ռազմիկ Մարկոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter