Գործազրկության նվազեցման Արթուր Բաղդասարյանի մոդելը
Գագիկ Ծառուկյանի նման ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ վանաձորյան հանրահավաքի ժամանակ որպես երկրի ամենակարևոր խնդիր մատնանշեց գործազրկությունը, բայց, ի տարբերություն Ծառուկյանի, ներկայացրեց նաև խնդրի լուծման իր տարբերակը:
Նախ վստահեցրեց վանաձորցիներին, որ իր ամենօրյա աշխատանքում շատ բան է փորձում անել երկրի համար ռազմավարական նշակություն ունեցող «Նաիրիտ» և Վանաձորի «Քիմպրոմ» գործարանների համար: «Ես 3-4 օր առաջ Լեհաստանում էի, Հնդկաստանում էի պաշտոնական այցով, իմ համար ուրախալի է, որ մարդիկ հիշում են նույն «Նաիրիտը», «Քիմպրոմը», և պատրաստ են այդ ձեռնարկությունների արտադրանքը գնել»,-ասաց Ա. Բաղդասարյանը:
Ըստ նրա`որպեսզի այդ գործարաններն աշխատեն, պետք է կիրառել 2 մոտեցում`կամ ուղղակի պետականացնել, կամ պետական հոգածություն ցուցաբերել`ֆինանսավորել: Համոզված է, որ եթե այդ երկու գիգանտներն աշխատեն, դրանց հետ բազմաթիվ մանր ու միջին ձեռնարկություններ կգործարկվեն:

«Հայաստանում այսօր տարբեր ոլորտներում ունենք պահուստներ, աշխատատեղերի ռեսուրսներ ու ռեզերվներ, որոնք ճիշտ չեն օգտագործում, քանի որ շատ հաճախ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը… Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների մի մասը թալանվեց, մետաղի ջարդոնի տեղ տարան վաճառեցին Պարսկաստանում: Մարդիկ կան, որոնք կոպեկներով դարձան հիմնարկ-ձեռնարկությունների տերեր և ոչ մի բան չարեցին, որ աշխատացնեն, ոչ էլ էսօր են անում, մատը մատին չեն խփում, որ էդ գործարանները աշխատեն»,-Հայաստանի այսօրվա պատկերը վանաձորցիներին ներկայացրեց ՕԵԿ առաջնորդը:
Ապա ներակայացրեց հիմնարկ-ձեռնարկությունների վերագործարկման հետևյալ ծրագիրը. «Մարդը առել ա գործարանը կոպեկներով, ոչ մի բան չի արել: Դրան պետք ա կանչեն, ասեն`այ ընգեր, էս գործարանն ինչի չես աշխատացնում, ինչ ա քեզ պետք, որ աշխատացնես: Նույն բանն ա`չի կարա 1 միլիոն դոլար ունեցողը նույն հարկը մուծի, 5000 դրամ ունեցողը` նույն հարկը: Պետք ա լինի հարաճուն սանդղակ, ով ինչքան շատ եկամուտ ունի, էնքան շատ հարկ պըտի տա: Ով ինչքան քիչ ունի, էնքան քիչը պըտի տա,-զուգահեռներ անցկացրեց Արթուր Բաղդասարյանը և շարունակեց,-նույնը ձեռնարկությունը`առել ա, պետք ա աշխատացնի, պետությունը ոչ թե մի կողմից պետք ա ահաբեկի, այլ պետք ա կանչի էդ ձեռնարկատիրոջը, դնի էդ խնդիրը, տեսնի ինչ անել, որ էդ ձեռնարկությունը աշխատի»:
Անցած 4 խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած ՕԵԿ կուսակցությունը, որ, կուսակցության անդամների խոսքով, ժողովրդին հուզող շատ հարցեր է հնչեցրել «երկրի ամենաբարձր ամբիոնից», գործազրկության հաղթահարման` նմանատիպ նախընտրական ծրագիրն այսօր է ներկայացնում վանաձորցիներին`ՕԵԿ-ի համար 5-րդ համապետական ընտրությունների նախաշեմին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել