HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կայացել է Անգելա Մերկելի հրաժեշտի պաշտոնական արարողությունը

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը պաշտոնապես կլքի հաջորդ շաբաթ: Նախօրեին, ռազմական նվագախմբի մասնակցությամբ, տեղի է ունեցել նրա պաշտոնական հրաժեշտի արարողությունը։ BBC-ն գրում է, որ երաժշտությունն անձամբ Մերկելն է ընտրել, այդ թվում՝ գերմանացի փանք ռոքի աստղ Նինա Հագենի «Du hast den Farbfilm vergessen» («Դու մոռացել ես գունավոր ժապավենը») երգը, որը, իրականում, փանք ռոք ժանրի չէր, այլ Նինա Հագենի փոփ հիթերից մեկը։

Գերմանիայում առաջատար քաղաքական գործիչներին ավանդաբար ճանապարհում են «Grosser Zapfenstreich» անունը կրող արարողությամբ։ Վերջինս զինվորական հին արարողություն է, որը ներկայում վերածվել է քայլերթով անցնող նվագախմբի կամ նվագախմբերի շքերթի։ Երաժշտությունը պատվիրում են հեռացող քաղաքական գործիչները:

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով արարողությունն անց է կացվել սահմանափակ ձևաչափով։ Դրան մասնակցել է մոտ 200 մարդ, որոնցից 52-ը Մերկելի կառավարման տարիներին զբաղեցրել են դաշնային նախարարների պաշտոններ։

Իր ելույթում Մերկելը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք օգնություն են ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք ամբողջ ուժով պայքարում են համավարակի դեմ»,- նշել է նա։ Միևնույն ժամանակ նա քննադատության է ենթարկել բոլոր նրանց, որոնք ժխտում են համավարակի հետ կապված գիտական տվյալները։ «Այնտեղ, որտեղ ատելությունն ու բռնությունը համարվում են շահերի առաջ մղման օրինական միջոց, գտնվում են, որպես ժողովրդավարների, մեր հանդուրժողականության սահմանները»,- հավելել է Մերկելը։

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելին կփոխարինի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության 63-ամյա անդամ Օլաֆ Շոլցը։ Վերջին երեք տարվա ընթացքում, Մերկելի կառավարությունում, նա զբաղեցրել է փոխկանցլերի և ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սպասվում է, որ նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի դեկտեմբերի 8-ին։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter