HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց կատալիզատորի՝ տեխզննումը չի վավերացվի․ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր փոփոխություն է առաջարկում

Եթե տեխզննության ժամանակ հայտնաբերվի, որ ավտոտրանսպորտային միջոցը չունի կատալիզային չեզոքարար, ապա տրանսպորտային միջոցի համար տեխզննում անցնելու կտրոնը չի տրամադրվի, և կհամարվի տեխզննում չանցած մեքենա։

Շրջակա միջավայրի նախարարությունը օրենսդրական փաթեթի փոփոխություններ է առաջարկում, որով փորձում է նվազեցնել օդի աղտոտվածությունը, որն առաջանում է ավտոմեքենաների կատալիզատորների (կատալիզային չեզոքարարների) հեռացման պատճառով։

Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ տեխզննում իրականացնող մարմինը տուգանելու իրավասություն չի ունենա, սակայն ընդհանուր համակարգում արձանագրվում է, և համապատասխան տեսչական մարմինը կարող է տուգանել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը։

«Եթե տեխզննման կտրոն չեն տալիս, ոստիկանական համակարգում գրանցվում է այդ փաստը, և կարող են կանգնեցնել մեքենան և տուգանել»,- նշում է Լուսինե Ավետիսյանը։ Այսինքն՝ տուգանքը կիրառվելու է ոչ թե կատալիզային չեզոքարար չունենալու, այլ տեխզննում չանցած լինելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։

«Մենք այդ կատալիզատոր ունենալու պահանջն ամրագրում ենք տեխզննման մեջ»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած` ՀՀ կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերն ու օգտագործողները ապամոնտաժում և վաճառում են կատալիզային չեզոքարարները, որովհետև դրանց դիմաց բարձր գին են ստանում թանկարժեք մետաղների պարունակության համար։ Կատալիզային չեզոքարարների արտադրության համար կիրառում են ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում:

Առանց չեզոքացման այդ համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով շահագործման դեպքում վտանգավոր նյութերն (ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ) անարգել արտանետվում են մթնոլորտային օդ։

ՇՄՆ ներկայացրած նախագծում նշվում է, որ դա չափազանց վտանգավոր է, առավել ևս, եթե այն ստանում է զանգվածային բնույթ, ինչը ներկայում նկատվում է Հայաստանի Հանրապետությունում։

Փոփոխությունների փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ կարգավորումը վերաբերում է 2020թ․-ից հետո ներմուծված տրանսպորտային միջոցներին։ Չնայած կան Կառավարության որոշումներ, ինչպես նաև ԵՏՄ պայմանագրի հավելվածում և ՄՄ հանձնաժողովի որոշմամբ հաստատված կարգավորումներ, սակայն դրանք ամբողջությամբ չեն կանոնակարգում այս դաշտը։ Հետևաբար, նոր փոփոխություններ են առաջարկվել։ Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կարգը, որտեղ  «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կետը պետք է լրացնել նոր ենթակետով՝ «անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված՝ բանած գազերի չեզոքացման համակարգը»։

ՇՄՆ-ն ենթադրել է, որ Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, և պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

Նախագծերի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ին ընդունած «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականն արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դեր արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում։

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ևս անդրադարձել է այս փաթեթին՝ նշելով, որ նոր փոփոխություններով խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ։

Այս փոփոխություններով, սակայն, կատալիզատային համակարգեր գնողներ կամ վաճառք իրականացնողներին ոչինչ չի սպառնում։ Լուսինե Ավետիսյանն ասում է, որ դրանց վաճառքը չեն կարող արգելել, քանի որ կան մարդիկ, որոնք կուզենան ձեռք բերել կամ փոխել իրենց հին կատալիզային չեզոքացուցիչը, պետք է ինչ-որ մի տեղից ձեռք բերել։

Այստեղ էլ Էկոնոմիկայի նախարարությունն է որոշակի մեխանիզմներ մշակել․ մտադիր է արգելել դրանց՝ որպես թափոն արտահանելը։

2021թ․ օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նոր փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկել է ժամանակավոր՝ 6 ամիս արգելք կիրառել ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Նախագիծը շուտով Կառավարություն կներկայացվի։

Լուսինե Ավետիսյանն ասում է, որ սա ժամանակավոր է, և հնարավորություն կտա գնահատելու շարժը։  

Մեկնաբանություններ (1)

ՀՐԱՆՏ
Ընդհանրապես պետք է արգելել դրա արտահանումը երկրից և կդադարեն համատարած ապամոնտաժումները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter