Ահազանգ Անուշավան Նիկողոսյանի շտաբից. Կարեն Կարապետյանի որդին և շքախումբը փակել են ճանապարհը
Սույն թվականի ապրիլի 30-ին թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում նրա հիմնական մրցակից Կարեն Կարապետյանի ծննդավայր Լեռնահովիտ գյուղ ուղևորվելու ճանապարհին նրա և ուղեկցող ավտոմեքենաների ճանապարհը մի քանի ավտոմեքենաներով, որոնցից երկուսը 100 ՕՕ 11, 217 LL 64 պետհամարանիշի, փակել են Կարեն Կարապետյանի որդին` Վահե Կարապետյանը և նրան ուղեկցող զինված շքախմբը, պահանջելով հեռանալ իրենց տարածքից:
Անուշավան Նիկողոսյանը զանգահարել է Տաշիրի ոստիկանապետ Սուքիասյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Կարապետյանի որդու սադրանքների դեմ: Սակայն կարճ ժամանակ անց, համոզվելով, որ վերջինս ի զորու չէ որևէ միջամտություն ցուցաբերել Կարեն Կարապետյանի խանության դեմ, անկանխատեսելի միջադեպից խուսափելու նպատակով հարկադրված՝ վերադարձել է Ստեփանավան:
Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Այս ամենը շարունակվում է հիմնականում այն պատճառով, որ սույն թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցած միջադեպից հետո հանցանք կատարած Տաշիրի քաղաքապետը չենթարկվեց պատասխանատվության: Ինչն էլ Կարեն Կարապետյանին վստահություն ներշնչեց, որ իր խանության տարածքում ցանկացած արարքի համար ինքը անպատժելի է մնալու:
Այս ընթացքում Անուշավան Նիկողոսյանը, բացի ընտրատարածքում կիրառվող սադրանքներից ու բռնություններից, ապօրինաբար զրկվել է հեռուստաեթերից: Ապրիլի 22-ին, երբ թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանը Կենտրոն հեռուստաընկերության եթերում պայմանագրով իրեն տրված վճարովի եթերաժամանակի ընթացքում բանավեճի է հրավիրել իր մրցակից Կարեն Կարապետյանին, երկու օր անց անսպասելի դադարեցվել է պայմանագրով սահմանված նրա քաղաքական գովազդի հեռարձակումը Կենտրոն հեռուստաընկերության եթերում: Հեռուստաընկերության տնօրինությունն որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, միայն ասել է, որ պատրաստ է գումարը ետ վերադարձնել, քանի որ իրենք չեն կարող գովազդը շարունակել: Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի և Կենտրոն հեռուստաընկերության սեփականատիրոջ մտերիմ անձնական հարաբերությունները՝ արդյունքում տրվել է Անուշավան Նիկողոսյանին ապօրինի եթերազրկելու քաղաքական պատվեր:
Կենտրոն հեռուստաընկերության ապօրինի գործողությունների վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացվել ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:
Փաստորեն Կարեն Կարապետյանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր անթույլատրելի միջոցները Տաշիրի տարածաշրջանում բնականոն քարոզարշավը դիտավորությամբ տապալելու նպատակով, որում ներքաշված են «ԷԳԱ» ՍՊԸ-ից մինչև Կենտրոն հեռուստաընկերությունը, քանզի ցանկացած այլընտրանք Կարեն Կարապետյանի կողմից դիտարկվում է որպես խորը անձնական թշնամանք:
Հասցե` Ք Ստեփանավան Հ Մեղապարտի 6 1901
Էլ. Փոստ`[email protected]
Հեռ. 091 336600, 0256 2 14 88
Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության
թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբ
01.05 2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել