
Քաղաքացին պնդում է, որ իր բանկային հաշվից գումար են հափշտակել ու իր անունով վարկ վերցրել
Բանկերը չեն ընդունում, որ իրենք որևէ հարցում թերացել են: Քրեական գործ է հարուցվել:
Հակոբ Սարխոշյանն այս տարվա սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան «ԱրՔա» համակարգից նամակ է ստանում իր հեռախոսահամարին, որ իրեն պատկանող քարտից, որը թողարկված է «Ակբա-բանկ»-ի կողմից և կցված է «Իդրամ» հավելվածին, երկու անգամ ելքագրվել է 500 հազար դրամ և մեկ անգամ՝ 300 հազար դրամ: Քարտապանը պնդում է, որ դա եղել է առանց իր իմացության, ընդհանուր առմամբ 1.3 մլն դրամի գումար է հափշտակվել:
Այս դեպքից հետո Հակոբը և նրա կինը՝ Բելլա Մարտիրոսյանը, հայտնվել են բանկային ու իրավական քաշքշուկների մեջ:
«Հաջորդ օրերին մեզ բանկում տեղեկացրին, որ ելքագրված գումարը փոխանցվել է «ԱյԴի բանկ»-ի ինչ-որ քարտատիրոջ հաշվին, այնտեղից էլ օնլայն բուքմեյքերական խաղեր կազմակերպող «Աջարաբեթ»-ի հաշվին: Սակայն, մինչև այսօր՝ մոտ երեք ամիս անց, մենք դեռևս չենք կարողացել ապացուցել, որ մենք չենք կատարել այս փոխանցումները և հետ չենք ստացել քարտից ելքագրված գումարը»,- պատմում է Բելլա Մարտիրոսյանը:
Սա էլ դեռ ամենը չէ. Հակոբը պարզել է, որ նույն օրը՝ սեպտեմբերի 18-ին, իր անունով «ԱյԴի Բանկ»-ում 500 հազարի դրամի չափով վարկ է ձևակերպվել ու տրամադրվել:
«Այդ մասին իմացել ենք բանկում և օրեր անց հաղորդագրություն ստացել, որ եթե ժամանակին չկատարենք վարկային պարտավորությունները, գումարը կբռնագանձվի դատական կարգով»,- պատմում է Հակոբ Սարխոշյանը:
Դիմումներ բանկերին, ԿԲ-ին ու ոստիկանությանը. բանկերը պնդում են, որ ամեն ինչ «մաքուր է»
Սեպտեմբերի 18-ին այդ հաղորդագրությունները ստանալուց հետո, Հակոբ Սարխոշյանն ու կինը այցելել են «Ակբա-բանկ» և «ԱյԴի Բանկ»՝ հասկանալու, թե ինչ է կատարվել: Պարզել են, որ փոխվել են բանկային հաշվի կոնտակտային տվյալները՝ էլ. փոստ, հասցե և այդպես են կատարվել փոխանցումները: Փոխված ոչ հեռախոսահամարին, ոչ էլ էլեկտրոնային փոստին Հակոբ Սարխոշյանը չի տիրապետել:
Հակոբ Սարխոշյանը բազմաթիվ դիմումներ է ուղարկել «Ակբա-բանկ», «ԱյԴի Բանկ», «Իդրամ», Կենտրոնական բանկ և Ոստիկանություն՝ պնդելով, որ այդ փոփոխությունները, փոխանցումներն ու վարկի ստացումը կատարվել է առանց իր իմացության, անհայտ անձի կողմից:
Նա «Հետք»-ին է տրամադրել ինչպես դիմումների, այնպես էլ պատասխանների պատճենները:
Քաղաքացին դիմել է «Ակբա-բանկ» և պահանջել պարզաբանել, թե ինչու է ինքը իրեն պատկանող քարտից գործարք կատարվելուց հետո միայն հաղորդագրություն ստացել այդ մասին, ինչպես նաև պահանջել է աջակցել հանցագործության բացահայտմանն ու վերականգնել իր դրամական միջոցները:
Բանկից պատասխանել են, որ կանոնակարգի համաձայն՝ հաղորդագրությունը ստացվում է գործարքի ավարտից հետո: Ինչպես նաև շեշտել են, որ օգտատերն ինքն է պատասխանատվություն կրում գաղտնաբառը, հաշվի համարը և PIN կոդը կորցնելու կամ որևէ կերպ երրորդ անձանց տրամադրելուց հետո առաջացած ցանկացած հետևանքի համար:
«Ուստի, բանկը մերժում է Ձեր դիմումը՝ դրամական միջոցների վերականգման մասով»,- նշել են «Ակբա-բանկ»-ից:
«ԱյԴի Բանկ»-ը ևս պնդում է, որ իրենք իրենց հաճախորդներին տրամադրում են հեռավար բանկային համակարգերի միջոցով գործարքներ կատարելու հնարավորություն, որոնցից օգտվելու համար բանկը սահմանել է պատշաճ նույնականացման պահանջներ:
«Մենք դիմել էինք բանկին՝ պահանջելով պատասխանել, թե ինչպես են ամուսնուս անունով օնլայն վարկ տրամադրել, ինչպես են նույնականացրել, ինչու է նրանց անվտանգությունը այդքան թույլ, որ անհայտ անձինք կարողացել են վարկ ստանալ»,- պատմում է Բելլա Մարտիրոսյանը:
«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ «ԱյԴի Բանկ»-ից նշել են, որ տվյալ դեպքում բանկի կողմից որևէ թերացում չի հայտնաբերվել:
««Իդրամ» ՍՊԸ-ի մեր գործընկերներից կատարված հարցումն էլ վկայում է, որ հաճախորդի Իդրամ հաշվին հասանելիություն ստանալու չարտոնված փորձ անգամ չի գրանցվել համակարգում: Այսինքն՝ գործողությունը կատարած անձը տիրապետել է հաճախորդի նույնականացման տվյալներին՝ բջջային հեռախոսհամարին, Իդրամի հաշվառման գաղտնաբառին և գործարքների հաստատման PIN կոդին»,- նշել են «ԱյԴի Բանկ»-ից:
Բանկից շեշտում են, որ գործարքներ կարող է կատարել միայն հաճախորդը՝ գրանցված և նույնականացված, կամ այն անձը, ում հաճախորդը փոխանցել է իր անձնական տվյալները՝ օգտանուն, ծածկագիր, PIN ԿՈԴ և այլն:
Այն վարկածի մասին, որ երրորդ անձի կարող են փոխանցված լինել տվյալները, Հակոբ Սարխոշյանին և Բելլա Մարտիրոսյանին տեղեկացրել են նաև «ԱյԴի Բանկ»-ի մասնաճյուղում: Ամուսինները, սակայն, պնդում են, որ իրենք որևէ երրորդ անձի չեն փոխանցել իրենց տվյալները, և միայն հանցագործության ու հաքերային գործողությունների արդյունքում կարող էին այդ տվյալները հայտնվել երրորդ անձի ձեռքում:
Հակոբ Սարխոշյանը համոզված է, որ բանկերն ու «Իդրամը» պատշաճ չեն ապահովել անվտանգության նորմերը, ինչի հետևանքով էլ առաջացել է այս իրավիճակը:
Ստացված գրությունների պատասխաններում թե ՛ «ԱԿԲԱ-բանկ»-ը, թե ՛ «Իդրամը» և թե՛ «ԱյԴի Բանկ»-ը չեն ընդունում, որ իրենք որևէ տեղ թերացել են:
Հարուցվել է քրեական գործ. գործը Կիբեռհանցագործությունների քննությունների վարչությունում է
Բանկային այս ողջ շղթայի քաշքշուկներին զուգահեռ Հակոբ Սարխոշյանը սեպտեմբերին 19-ին՝ քարտից գումարների փոխանցումների հենց հաջորդ օրը, դիմում է Ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա հայտնում է, որ անհայտ անձը սեպտեմբերրի 18-ին իր անվամբ «ԱյԴի բանկ»-ի միջոցով ձևակերպել է 500 հազար դրամի առցանց վարկ, որի գումարը փոխանցվել է «Աջարաբեթ»-ի հաշվեհամարին:
Բացի այդ, նույն օրը «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակին կցված և իրեն պատկանող «Ակբա-բանկ»-ի քարտից հափշտակվել է ընդհանուր առմամբ 1.3 մլն դրամ գումար և փոխանցվել մեկ այլ անձի: Ի դեպ, Հակոբ Սարխոշյանին ուղղված պատասխանում «Իդրամ»-ից և «ԱյԴի բանկ»-ից նշել են, որ իրավապահ մարմիններին կտրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ, թե ում է փոխանցվել գումարը և ինչ հաշիվների:
«Ոստիկանությունից մեզ ծանուցեցին, որ քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության»,- նշում է Հակոբ Սարխոշյանը:
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը մեզ տեղեկացրեց, որ ներկայում այս գործը գտնվում է Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում:
«Այս գործով ներկայում ոչ տուժող կա, ոչ էլ՝ մեղադրյալ»,- տեղեկացրեց Թադևոսյանը։
Կենտրոնական բանկ. «Խնդրի լուծումը Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակից դուրս է»
Հակոբ Սարխոշյանը այս պատմությունը գրավոր ներկայացրել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:
«Այդ մասին հայտնել եմ նրան՝ որպես տվյալ ընկերությունների գործունեությունը վերահսկող և կարգավորող կառույցի ղեկավարի և խնդրել եմ օժանդակել ինձ պատճառված վնասի փոխհատուցման և ֆինանսական համակարգի անվտանգության բարձրացման նպատակով»,- նշում է քաղաքացին:
Գլխավոր դրամատնից նրան պատասխանել են, որ տրամադրված տեղեկությունը պարունակում է հանցակազմի տարրեր, և խնդրի լուծումը Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակից դուրս է:
Կենտրոնական բանկը քաղաքացուն առաջարկել է սպասել գործի քննության ավարտին:
Գլխավոր լուսանկարը՝ «ԱյԴի բանկ»-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել