HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նվազագույն կենսաթոշակի չափը հունվարի 1-ից կբարձրանա 2100 դրամով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության, կերակրողին կորցնելու դեպքում նախատեսված նպաստների չափերը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Այսպես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացնել 2100 դրամով՝ գործող 26 500 դրամի փոխարեն սահմանելով 28 600 դրամ։ 

Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կբարձրանան 3000 դրամով․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43 000 դրամ՝ գործող 40 000-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33 000 դրամ՝ 30 000-ի փոխարեն, և երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամ՝ գործող 27 000 դրամի փոխարեն։

3000 դրամով բարձրանա նաև պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում նախատեսված զինվորական կենսաթոշակի չափը՝ 27 000 դրամից դառնալով 30 000 դրամ։

Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28 600 դրամ (26 500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 000 դրամ (26 500 դրամի փոխարեն)։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած փոփոխությունները բխում են Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից։ Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանի 2022թ․ պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի լինի, քանի որ ծախսերը նախատեսված են 2022 թվականի պետբյուջեով։

Հավելենք, որ այս փոփոխություններն օրինական ուժ կստանան միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո և ուժի մեջ կմտնեն 2022թ․ հունվարի 1-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter