HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Մինասյանին մեղադրանք է առաջադրվել 875 մլն դրամը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը, 2015-2016 թթ-ին զբաղեցնելով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ղեկավարած վարչության ենթակա ստորաբաժանման պետի և մյուս աշխատակիցների օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` 875 մլն 203 հազ․ 992  դրամը:

Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ տարբեր տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա Արմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողները համապատասխան գումարների դիմաց իրականացրել են առանձին օբյեկտների պահպանությունը: Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խոսրով Անդրոյանը, չունենալով հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, Վարդան Մինասյանի կազմակերպմամբ և թողտվությամբ, նրանց հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն օբյեկտների պահպանության դիմաց ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն դրանք նույն բաժանմունքի ջոկի հրամանատարին առձեռն տալու վերաբերյալ: 

«Այնուհետև` Խ. Անդրոյանի հրահանգով, յուրաքանչյուր ամիս վերը նշված ջոկի հրամանատարը տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է պահպանության իրականացման համար պայմանագրով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն հանձնել է Խ. Անդրոյանին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մինասյանի պահանջով յուրաքանչյուր ամիս յուրացված գումարից 1000 դոլար տվել է նրան: Դրանից հետո` Խ. Անդրոյանի հրահանգով, բաժնի հաշվապահը բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել է տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նման կերպ քողարկելով Վ. Մինասյանի կազմակերպմամբ կատարված հափշտակությունները: 

Արդյունքում, Վ. Մինասյանը վերը նշված ժամանակահատվածում Խ. Անդրոյանի և նույն ջոկի հրամանատարի ու հաշվապահի օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17 մլն 696 հազ․ 255 դրամ գումարի յուրացման կատարումը, որից Վ. Մինասյանի կողմից փաստացի յուրացված գումարի չափը կազմել է 17 000 դոլարին համարժեք` 8 մլն 239 հազ․ 390 դրամ:

Բացի այդ, Վ. Մինասյանը 2015թ. ապրիլից 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Խ. Անդրոյանից, ինչպես նաև այլ ստորաբաժանումների պետերից յուրաքանչյուր ամիս հավաքել է տարբեր չափի գումարներ և հանձնարարել այլ անձանց միջոցով դրանք փոխակերպել ԱՄՆ դոլարի ու եվրոյի, այնուհետև փոխանցել իր բանկային և քարտային հաշիվներին՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առանձնապես խոշոր չափերով` 775 մլն 488 հազ․ դրամին համարժեք  1,6 միլիոն ԱՄՆ դոլար և 4 մլն 555 հազ․ 992 դրամին համարժեք 9,4 հազար եվրո գումարի ծագումը: 

Հիշյալ գումարների մի մասը Վարդան Մինասյանը բանկերում ներդրել է որպես ավանդ և ստացել տոկոսներ, իսկ մյուս մասը ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում: Մասնավորապես` 2017-2018 թթ․ ընթացքում ՌԴ-ից ձեռք է բերել ընդհանուր 115 մլն 94 հազ․ 400 դրամին համարժեք 240 000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս Գոստ», «Մերսեդես Ս500» և «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով 2017-2020 թթ-ին մատուցել է ավտովարձույթի ծառայություն` ստանալով շուրջ 95 մլն 160 հազ․ դրամի եկամուտ: Այդ կերպ Վ. Մինասյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 875 մլն 203 հազ․ 992 դրամը (գույքը): 

Դեկտեմբերի 2-ին Վարդան Մինասյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման  և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար: Դեկտեմբերի 3-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործի շրջանակներում Խոսրով Անդրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի դրդչության համար: 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ ոստիկանության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter