HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն կոշտ պատասխանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը. «Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն չունի»

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի «ինչ-որ «Լավրովի պլան»-ի մասին արտահայտություններին»՝ հայտարարելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ:

Ավելի վաղ, ԱԺ նախագահը հանդիպել էր ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ իր խոսքում հիշատակելով «Լավրովի պլանի» մասին։

«Հիշատակված զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հանրության կարծիքին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որևէ մեկը պատրաստվեր որևէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին հայտնել են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից։

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ: «Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլան»-ը»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

Նախարարությունից նաև հավելել են, որ չի կարելի խոսել «հանձման» մասին, քանի որ խոսքը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր։ ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ կարգավորման պլանի վերջին խմբագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին: Ըստ դրա՝ առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդ փուլում՝ երկու, որը պետք է ուղեկցվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ:

«Պլանի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին»,- հիշեցրել են նախարարությունում:

ՌԴ ԱԳՆ պնդմամբ, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, մինչև 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը՝ համաձայնեցված ժամկետներում կողմերի միջև, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող և իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։

ՌԴ ԱԳՆ-ի պնդմամբ՝ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չէին սահմանափակվելու, իսկ կողմերը պետք է հարգանքով ընդունեին ցանկացած արդյունք։

«Այդ առաջարկները, չնայած ամբողջական համաձայնության հնարավոր չեղավ հասնել, բայց և չեն մերժվել ո՛չ Հայաստանի, և ո՛չ Ադրբեջանի կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։ Վերջինիս կարծիքով՝ փաստերը խոսուն են. «խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել նորից համեմատել համանախագահների վերը նշված առաջարկները ներկայիս իրավիճակի հետ և եզրակացություններ անել։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտապես հարգանքով է վերաբերվում այլ երկրների հասարակական կարծիքին, անգամ եթե համաձայն չէ դրա հետ։ Դա առավել քան ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին ու բարեկամներին, ինչպիսին Հայաստանն է»,- պնդում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 

Ռուսական կողմի պնդմամբ՝ ցանկացած հասարակության մեջ տեսակետներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատիրույթում հաճախ շրջանառվում են կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների հետևանք են։

«Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ անհեթեթ «մտքերը», այլ, ըստ էության, համերաշխություն են հայտնում նման անհիմն դատողություններին»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։ 

Ռուսական կողմը պնդում է, որ Դաշնության բոլոր ջանքերը՝ ներառյալ 44-օրյա պատերազմի դադարեցմանը նպաստելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումն ամեն ինչ ասում են։

«Ռուսաստանը խիստ շահագրգռված է, որպեսզի օգնի հայերին և ադրբեջանցիներին իրենց հարաբերությունների ցավոտ էջերը թերթելու հարցում, նպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter