HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ 2022թ. սկզբին Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը նախատեսում է ներխուժել Ուկրաինայի տարածք։ Դա տեղի կունենա, հավանաբար, արդեն 2022 թվականի սկզբին։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի իր անանուն աղբյուրին։ 

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ հետախուզական տվյալները խոսում են այն մասին, որ ռազմագործողությանը պետք է մասնակցի մինչև 175 հազար ռուսաստանցի զինծառայող, ընդորում նրանց գրեթե կեսը, իբր, արդեն իսկ տեղակայվել են Ուկրաինայի սահմանների մոտ։ Հետախուզական ծառայությունները պարզել են, որ ռուսական կողմը նախատեսում է առաջնագիծ ուղարկել նաև զրահատեխնիկա, հրետանի, ինչպես նաև շուրջ 100 գումարտակ։ 

Ջո Բայդենի վարչակազմի աշխատակիցը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը ընդգծում է նաև ռուսական քարոզչամեքենայի ակտիվացումը՝ հնարավոր ներխուժման նախաշեմին Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի սևացման նպատակով։ Նախօրեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնին արդեն վաղուց հայտնի Ռուսաստանի գործողությունների մասին և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ, որը ենթադրաբար կկայանա հաջորդ շաբաթ, նա մտադիր է անցկացնել «շարունակական քննարկում»՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Անդրադառնալով Ուկրաինայի մասով Մոսկվայի պահանջների թեմային՝ Բայդենը նշել է, որ իր համար «ընդունելի չեն որևէ մեկի կարմիր գծերը»։ 

Ավելի վաղ, Պուտինը նշել էր, որ Ռուսաստանի համար «կարմիր գծեր» կդառնան ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների մոտեցումը, Ուկրաինայում օտարերկրյա զենքի տեղակայումն ու ՌԴ անվտանգության սպառնալիքները։

Ռուսական կողմը հերքում է այդ պնդումները։ Դեռ մի քանի շաբաթ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ագրեսոր պետություն չէ և նման մտադրություն չունի՝ հավելելով, որ իր ինքնիշխան տարածքում Դաշնությունը կարող է իրականացնել զորքերի ցանկացած տեղաշարժ։

Նախորդ շաբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել էր Կիևին Դոնբասում սադրանքներ իրականացնելու մեջ՝ հավելելով, որ հենց ուկրաինական կողմն է զորքեր տեղաշարժում դեպի Ռուսաստանի հետ սահմաններ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter