HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի պաշտպանության նախարար. «Մենք իրավունք չունենք չպատրաստվելու Իրանի հետ պատերազմին»

Իրանի միջուկային խնդրի ռազմական լուծումը համարվում է գործողությունների նվազ նախընտրելի տարբերակը, սակայն չի կարելի բացառել դրա հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ ամերիկյան իշխանությունների հետ բանակցությունների մեկնելուց առաջ։ 

«Ռազմական տարբերակը մշտապես պետք է լինի օրակարգում։ Իհարկե, դա վերջինն է, որին մենք կցանկանանք դիմել, սակայն իրավունք չունենք մեզ համար չպատրաստվելու դրան»,- Գանցի խոսքերը մեջբերել է The Jerusalem Post-ը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների տարբերակը պետք է դիտարկել այն դեպքում, երբ Իրանի հետ ձեռք չբերվի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր։ Գանցի խոսքերով՝ Թեհրանի հետ լավ գործարքը պետք է ենթադրի «հետազոտությունների, մշակումների և Իրանի կողմից հարստացված միջուկային նյութերի կուտակման անթույլատրելիություն, տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունների դադարեցում և ահաբեկչությանն աջակցումից հրաժարում»։  

Գանցի կարծիքով՝ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին, եթե վերջինս հարձակվի Իրանի վրա, սակայն, այդ երկրի պաշտպանության նախարարի պնդմամբ, «Իսրայելը պարտավոր չէ կորդինացնել իր պաշտպանությունն ինչ-որ մեկի հետ»։ 

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է հստակեցնելուց, թե ինչը Իսրայելի համար կդառնա «կարմիր գիծ», միայն նշելով, որ «կլինի պահ, երբ տարածաշրջանի ու Իսրայելի համար այլ ընտրություն չի լինի, քան գործելը»։ 

The Jerusalem Post-ը հիշեցնում է, որ Գանցի ԱՄՆ այցը տեղի է ունենում Վիեննայում իրանական միջուկային ծրագրի միջազգային համաձայնագրի վերականգնման հերթական բանակցությունների ֆոնին, որին չի մասնակցում Միացյալ Նահանգները։ 

Նոյեմբերի 23-ին ՄԱԳԱՏԷ-ն բանակցություններ էր վարել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամիի, ինչպես նաև այդ երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։ Հանդիպումների արդյունքում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ են կարճ ժամկետներում լուծել երկու կողմերի միջև առկա խնդիրները։ Բացի դրանից, կողմերը պայմանավորվել էին շարունակել համատեղ աշխատանքը իրանական միջուկային ծրագրի թափանցիկության ապահովման ուղղությամբ։ Այդուհանդերձ, նոյեմբերի 24-ին Գրոսին հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները չեն հանգեցրել կոնկրետ արդյունքների։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումն սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Զուգահեռաբար ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ ի պատասխան Իրանի գործողությունների՝ ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Կողմերը Վիեննայում դեռևս շարունակում են բանակցությունները։

 

Լուսանկարը՝ Nir Elias/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter