HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանաձոր խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են

Վանաձոր խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Այս ընտրություններին մասնակցելու են ոչ միայն Վանաձորի, այլև Գուգարք, Դարպաս, Շահումյան համայնքների բնակիչները: Ընտրության մասնակցության իրավունք ունի 93836 քաղաքացի:

Ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 կուսակցություն և կուսակցությունների դաշինք:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է: Արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընտրություններին մասնակցում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքով: Դաշինքի կազմում «Ազատ դեմոկրատներ» և նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցություններն են: 2016-ի ընտրություններին ՀՀԿ-ով առաջադրված Ասլանյանը վերջերս է սառեցրել ՀՀԿ-ին անդամակցությունը:

Վանաձորի փոխքաղաքապետեր Արման Բերնեցյանն ու Արկադի Փելեշյանը մասնակցում են «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» համասնական ցուցակով: Կուսակցության՝ քաղաքապետի թեկնածուն Արկադի Փելեշյանն է:

«Հայրենիք»-ի ցուցակը գլխավորում է կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահե Դոխոյանը: Վերջինս 2012 թվականից մինչ այժմ ավագանու անդամ է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Հրանտ Այվազյանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղի նախկին տնօրեն, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ոստիկանության փոխգնդապետ, Վանաձորի Տարոնի բաժնի նախկին ոստիկանապետ Վազգեն Թորոսյանն է:

«Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորում է Կարեն Էդարյանը (նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի մտերիմներից), իսկ նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն գործարար Արտավազդ Ալավերդյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter