HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու ավագանու ընտրություններում պայքարում է 6 կուսակցություն

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանում  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Համամասնական ընտրակարգով համայնքների ղեկավարման մարմիններ են ընտրելու Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի 36 համայնքի բնակիչներ։ Միևնույն ժամանակ Արագածոտնի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Ըստ օրենքի, համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում, մեծամասնական՝ 4000-ից քիչ բնակչություն ունեցող համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում քաղաքացիներն ընտրելու են ավագանի, որն էլ համայնքի ղեկավար է նշանակելու։

Գեղարքունիքի համայնքները 4-ն են՝ Մարտունին, Գավառը, Սևանը և Վարդենիսը։ Մարզում ընտրելու իրավունք ունի 164088 քաղաքացի։

Մարտունիում գրանցված թեկնածուներն ամենաշատն են մարզում՝ 6-ը։ Դրանք են՝ «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Արդար Հայաստան»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Ընտրատեղամասերի ընդհանուր քանակը 41 է։

«Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը գլխավորում է Մարտունու ԲԿ բժիշկ-անեսթեզիոլոգ Սեդրակ Սահակյանը։ Նա «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ է։

«Ապրելու երկիր» կուսակցությունը գլխավորում է «Էյ Էմ շին» ՍՊԸ տնօրեն Արամ Մանուկյանը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը գլխավորում է Արարատ Խաչատրյանը։

«Լուսավոր Հայաստան»-ի ընտրացուցակը գլխավորում է անկուսակցական Նաղաշ Հակոբյանը, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ։

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-ը գլխավորում է Ռադիկ Հարությունյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորում է Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Մարտունի համայնքի գործող ղեկավար Արմեն Ավետիսյանը չի առաջադրվել։ 

Գավառում գրանցված թեկնածուները 3-ն են՝ «Գուրգեն Մարտիրոսյան» կուսակցությունների դաշինքը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Ընտրատեղամասերի ընդհանուր քանակը 30 է։

Սևանում թեկնածուները 3-ն են՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք։ Ընտրատեղամասերի ընդհանուր քանակը 24 է։ Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը թեկնածու չունի։

Վարդենիսում ևս գրանցված թեկնածուները 3-ն են՝ «Ահարոն Հովհաննիսյան» կուսակցությունների դաշինք, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր»։ Այստեղ կա 39 ընտրատեղամաս։

Աննա Արզումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter