Օգնություն արդեն նաեւ օդից
Այսուհետ մեր փրկարարները կարող են օգնության հասնել նաեւ օդից
Այսօր Կոտայքի մարզում ՀՀ ՊՆ առանձին ավիացիոն ուսումնական էսկադրիլիայում կայացավ ՀՀ ԱԻՆ ՀՓԾ հատուկ փրկարարական ջոկատի աէրոմոբիլային խմբի ցուցադրական թռիչքը: Միջոցառմանը ներկա էր արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմը:
Հրշեջ-փրկարարական դեսանտային խմբում ընդգրկված է 23 փրկարար, որից երկուսը` աղջիկ: ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության աջակցությամբ անցկացված 20-օրյա դասընթացներից հետո հրշեջ-փրկարարները պարաշյուտով մոտ 1000 մ բարձրությունից իրականացրել են մի քանի գործնական թռիչք:
Ցուցադրական ելույթից հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհավորել է աերոմոբիլային խմբի անդամներին եւ պարգեւատրել է «Առաջնեկ» շքանշանով: Նախապատրաստական դասընթացներն անցկացնելու համար պատվոգրեր են հանձնվել նաեւ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության աշխատակիցներին:
«ՀՀ տարածքն այնպիսին է, որ մենք պետք է կարողանանք բոլոր տեղերում իջեցնել փրկարարներին: Բացի դրանից` սա նաեւ միջազգային չափանիշ է: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկարամյա գործընկեր պաշտպանության նախարարությանը` օժանդակության համար»,- ասել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարարների խոսքերով` այսպիսի հմտություններին տիրապետելը զգալիորեն կարագացնի արձագանքման գործընթացը:
«Ունենալով փրկարարական աշխատանքներ լեռներում` սա օգնության հասնելու ամենաարագ ձեւն է: Եթե նախկինում Քելբաջարի կամ Վարդենիսի լեռներ հասնելու համար մեզ պետք էր 8-10 ժամ, ապա հիմա մենք կարող ենք այնտեղ հասնել րոպեների ընթացքում»,- ասել է Ավետիս Մանուկյանը՝ հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարը:
«Վախ, իհարկե, կա, բայց եթե փրկարար ես, պիտի փորձես հաղթահարել վախը»,- ավելացրել է հատուկ փրկարարական ջոկատի փրկարար Վիկտորիա Խաչատրյանը:
Իսկ նրա գործընկեր Համբարձում Վարդումյանը հավելել է. «Մեզ ոգեւորելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրահանգիչներին, որոնք գրագետ ձեւով պատրաստեցին մեզ թռիչքներին»:
Ինչպես հայտնում են ԱԻ նախարարության մամլո ծառայությունից, գործընթացը շարունակական է լինելու: Առաջիկայում ԱԻ նախարարությունը կպատրաստի 25 հրշեջ-փրկարարից կազմված երկրորդ աերոմոբիլային խումբը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել