HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թեւան Պողոսյան. «Հավատում եմ Աստծուն եւ իմ երազանքի ուժին»

«Փոքր ժամանակ այնքան չար եմ եղել, որ մերոնք հրաժարվել են ինձանից հետո եւս մի քանի երեխա ունենալ: Քույրս շատ հեշտ պահվող երեխա է եղել, ես` հակառակը, նկատի ունեմ մինչեւ 3-4 տարեկանը: Մյուս կողմից էլ ինժեներ ծնողներս տուրք են տվել սովետական մոդային, դե մի տղա ու մի աղջիկ արդեն ունեին եւ հարցը համարել են փակված, չնայած այդ փաստն ինձ հետագայում միշտ նեղել է, միշտ հանդիմանում էի մորս ու հորս, թե բա չէիք մտածում գոնե մի տղա էլ լույս աշխարհ բերել, որ մենակ չլինեի»,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) եւ Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:

Ծնողները մասնագիտությամբ ինժեներ են, քույրն էլ է գնացել նրանց ճանապարհով: Հիշում է, որ մի օր գյուղում պապն առաջարկեց ընտրություն կատարել բահի եւ գրիչի միջեւ, ինքն ընտրեց գրիչը: Դպրոցում գերազանց էր սովորում: Բոլորն էլ համոզված էին, որ ինժեներների որդին կընտրի ծնողների ուղին:

«1986 թ.-ն էր, 14 տարիս դեռ չէր լրացել, ծնվել եմ 1972 թ.-ի դեկտեմբերի 2-ին: Հեռուստացույցով հաղորդում էի նայում Լեւ Տոլստոյի թոռան մասին, ով Իտալիայում ուներ ֆերմա, որտեղ բոլոր աշխատանքները ավտոմատացված էին: Նայելուց հետո ոգեւորված որոշեցի, որ այդ ֆերմայից պետք է ունենամ»:

Դպրոցն ավարտելուց հետո որոշում է դեմ չգնալ ընտանեկան ավանդույթին, դառնալ ինժեներ, բայց համակարգչային տեխնոլոգիաների: Այն ժամանակ շատերն էին թերհավատորեն վերաբերվում տղայի որոշմանը, հարցնում, թե ինչ  է գտել այդ մասնագիտության մեջ: «Բայց ես ուրախ եմ, որ այն ժամանակ ոչ հայրս, ոչ մայրս չբռնացան իմ  կամքին: Միշտ ասել են. ինքդ կընտրես քո մասնագիտությունը, կորոշես ինչ դառնալ, ինքդ կընտրես այն կնոջն, ում հետ ամուսնանալու ես, եթե թեկուզ մեկ օր կապրես, բայց երջանիկ, մենք պատրաստ ենք գնալ էդ աղջկան ուզելու: Ճնշելու, պարտադրելու գաղափարը երբեք չի եղել մեր տանը»:

Մեկի փոխարեն հետագայում Թեւան Պողոսյանը պիտի մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտեր: 1989-ին ընդունվում եւ 1994 թ.-ին ավարտում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը` ստանալով համակարգերի ճարտարագիտության բակալավրի աստիճան, 1994-96 թթ.-ին նույն բուհում ստանում է մագիստրոսի աստիճան, 1995-96 թթ.-ին ընդունվում եւ ավարտում է Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան:

1996-99 թթ.-ին ավարտում է ասպիրանտուրան գերազանցության դիպլոմով: 2001-2004 թթ. վերավորակավորման, լրացուցիչ կրթական մակարդակի ձեռք բերման տարիներ էին` Ջոն Սմիթի կրթական ծրագիր, Քենեդու անվան կառավարման դպրոց, Քեմբրիջ` Կոնֆլիկտների կառավարման խումբ եւ այլն:

1996-97 թթ.-ին աշխատում է Կենտրոնական բանկում: 1997 թ.-ի հուլիսից մինչեւ 1999 թ.-ը Վաշինգտոնում ստեղծված գրասենյակի միջոցով ներկայացում ԼՂՀ-ն ԱՄՆ-ում: Հայաստան վերադառնալուց հետո՝ 1999 թ.-ին, կարճ ժամանակով ղեկավարում է «Վահագնի ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի մարքեթինգի եւ վաճառքի բաժինը: 1999 թ.-ի դեկտեմբերից մինչեւ օրս հանդիսանում է ՄԶՄԿ գործադիր տնօրեն: 2001 թ.-ից ղեկավարում է Հայկական ատլանտյան ասոցիացան: 2002 թ.-ից Ռուս-հայկական սլավոնական համալսարանում դասախոսում է «Կոնֆլիկտների կառավարում, բանակցություններ, արդյունավետ հաղորդակցություն եւ առաջնորդություն» առարկան: Ամուսնացած է, ունի 5 զավակ:

«Ամենամեծ հարստությունը ընտանիքս է»

Գայանեի հետ հանդիպումը պատահական էր: Այն ժամանակ Թեւանը 21 տարեկան էր, իսկ Գայանեի 17 տարին նոր էր լրացել: Հենց ծանոթության օրն էլ Թեւանն առաջարկություն է անում ամուսնության ու ստանում մերժում: «Իմ մոտ սեր էր առաջին հայացքից,- հիշում է Թեւանը,- ու ես իրա մեջ տեսա իմ երեխաների մորը: Բայց ինքը, որ մերժում էր, հայտարարեց, թե ես վերջին տղամարդը կլինեմ, ում ինքը կընտրի: Ես դեռ այն ժամանակ զգուշացրեցի, որ ավելի լավ է չշտապի հայտարարություններ անել, այ կամուսնանաք, հետո ամաչելու է ասածների համար»:

Ինչպես եւ խոստացվել էր, մերժումից երկու տարի անց Գայանեն ու Թեւանն ամուսնանում են: Իսկ մինչ այդ երիտասարդական բուռն սիրահարության փուլ պիտի անցնեին երկուսով`սկսած նամակագրությունից, գիշերային հեռախոսազանգերից, նվերներից, զբոսանքներից մինչեւ ապագա ընտանիքի կազմը որոշելն ու ապագա տան կառուցումը:

«Թեւանն ընտանիքի գաղափարին նվիրված մարդ է: Շատ ուշադիր ամուսին է մինչեւ հիմա: Այն տարիներին ինչ խոստացել է, բոլորը կատարել է,- ասում է Գայանեն,- մեծ ընտանիք, մեծ տուն, աշխարհով մեկ ման գալ, ընկերական հարուստ շրջապատ, շատ հյուրեր, այս ամենը մեր ներկայիս իրական կյանքն է: Խոստումներ, որ լսել եմ ժամանակին` հատիկ, հատիկ իրականացվել են տարիների ընթացքում: Երբ մոմի լույսի տակ մտովի կառուցում էինք մեր ապագա տունը, Թեւանը միշտ ասում էր, որ լինելու է բուխարի ու դիմացը երկու ճոճաթոռ, մանրուք է թվում, բայց տարիներ անց այդ երազանքն էլ իրականացավ»:

Նախքան ամուսնանալը Թեւանը Գայանեին զգուշացրել էր, որ 13 երեխա են ունենալու: Պողոսյանների ընտանիքում հիմա հինգ երեխա է մեծանում` 4 աղջիկ եւ մեկ տղա: Աղջիկների առատությունն ընտանիքի հորը չի շփոթեցնում: Հայրական կողմից տատիկն ընտանիքում 13-րդ աղջիկ երեխան է եղել: «Ես գիտեի, որ գեները դերակատարություն ունենալու են: Երբեք չեմ տխրել հերթական աղջկաս լույս աշխարհ գալուց: Երբ չորրորդ աղջիկս` Ադրինեն էր ծնվել, ես երեք աղջիկներիս հետ գնացի հիվանդանոց ու ցանկանում էի բարձրանալ Գայանեի մոտ: Ներքեւում սանիտարկան նայեց վրաս, ասեց՝ չի կարելի, չի կարելի:

Բժիշկ Օկոեւը, որ այդ պահին այդտեղ էր, ձեռքը թափ տվեց. «Ему можно, он и так Богом обижен»: Բայց ես դա չէի հասկանում ու ընդունում, թեպետ բոլորը մեկ ամիս շարունակ իրենց պարտքն էին համարում գալ ու ինձ սիրտ տալ, թփթփացնում էին ուսիս. «Դե լավ, ոչինչ, կպատահի», իսկ ես երջանիկ էի, որովհետեւ հերթական երեխան էր ծնվել: Իմ համար երեխան Աստծո պարգեւն է»:

Թեւանի եւ Գայանեի ավագ դուստրը 16 տարեկան է: Դպրոցականների փոխանակման ծրագրով Քրիստինեն 2011 թ.-ի օգոստոսից գտնվում է Վիրջինիա նահանգում: Աղջիկներից Անժելան, Մանեն եւ Ադրինեն դպրոց են հաճախում Երեւանում: Փոքրիկ Մհերը 2 տարեկան է: «Սպասված երեխա է Մհերս, գուցե դրանից է, որ քույրիկների համեմատ երես առած է: Ես այդքան չէ, բայց հարազատներս ու ընկերներս երես տալիս են»,- սա ասելիս զրուցակցիս դեմքին բարեհոգի ժպիտ է հայտնվում:

Թեւանն ասում է, որ երբեք երեխաներից որեւէ մեկին չի պատժել, այդ գաղափարը մերժելի է իր համար, սակայն բավական խիստ է ու պահանջկոտ` հատկապես ուսման հարցում: Ինքը հայրական ապտակի արժանացել է կյանքում միայն մեկ անգամ ու շնորհակալ է դրա համար: Նոր գնված կահույքի վրա մեխով տոնածառ էր նկարել, այն ժամանակ 3-րդ կամ 4-րդ դասարանում էր սովորում, ասել կուզի այնքան էլ փոքր չէր, որ չհասկանար, թե ինչ է անում:

«Կահույքի վրա մի սիրուն գիծ կար, որ ինձ տոնածառ հիշեցրեց, ու ես որոշեցի դա ընդգծել, ավելացնել պակասող ճյուղերն ու այդ ամենն արել եմ մեխով: Շատ դժվարությամբ էր այդ կահույքը ձեռք բերվել, ու հենց առաջին օրը ես այն փչացնում եմ: Ճիշտ է՝ հետագայում հայրս միշտ ասում էր, որ զղջացել է ինձ ապտակելու համար, բայց ես շնորհակալ եմ, դա մեծ դաս եղավ ինձ: Հասկացա, որ երբեք չի կարելի թերագնահատել ուրիշի աշխատանքն ու չարչարանքը»:

Հիմա, երբ իր երեխաներն ինչ որ բան այնպես չեն անում, աշխատում է նախ հասկանալ արարքների շարժառիթը, այնուհետեւ փորձում մատչելի բացատրել, թե որտեղ են սկսվում  կարելիի ու չի կարելիի սահմանները: Տանն արգելված են բոլոր տեսակի սերիալները: Իր դիտած միակ սերիալը «Ստրկուհի Իզաուրան» է եղել տարիներ առաջ: Մայրը հետեւում էր ֆիլմի զարգացումներին, ինքն էլ տանն եղած ժամանակ ստիպված նայում էր: Մի ժամանակ հումորային «32 ատամ», «Կարգին կասետ», «Վիտամին» ժամանցային հաղորդումները դիտում էր, հետո հրաժարվեց, երբ նկատեց, որ երեխաները միմյանց հետ հաղորդակցվելիս սկսել են ժարգոնային բառեր գործածել:

Երեք տարի առաջ թողել է ծխելն, ու դրանից առավել ուրախացել են ընկերները: Մի ժամանակ ոչ միայն օրական 1-3 տուփ ծխախոտ էր ծխում, այլեւ սիգար եւ ծխամորճ էր գործածում: Սիգարների հրաշալի հավաքածու ուներ` բաժանեց ընկերներին: Սիրում է հայկական, ուրախ, կարելի է ասել, քեֆային երաժշտություն լսել եւ ջազ, որովհետեւ այնտեղ կանոններ չկան: Գայանեն նկատում է, որ ամուսինը սիրում է կանոնավոր անկանոնությունը`տան նախագիծն էլ այդ ոգով է արել, հյուրասրահում կախված ջահն էլ:

Ամուսնու համար հագուստ սովորաբար գնում է Գայանեն: Թեւանը խանութներ այցելում է միայն տնեցիների համար գնումներ անելու նպատակով եւ միայն արտասահմանում: Ուտելքի հարցում պահանջկոտ չէ, թեպետ սիրում է ամեն նորը համտեսել: Էսթետ է. հաճույք է ստանում, երբ սեղանը գեղեցիկ ձեւավորված է լինում: Անչափ լավատես է ու իր լավատեսությամբ կարողանում է վարակել դիմացինին: «Չվախենաս ու դուխո~վ»` Թեւան Պողոսյանի սիրած արտահայտությունն է:

Առավոտյան սովորաբար վաղ  է արթնանում՝ ժամը 7-ին, օգնում է կնոջը երեխաների համար նախաճաշ պատրաստել, կերակրում է Չակին, որ դրատխար ցեղատեսակի շուն է, երեխաներին տանում է դպրոց եւ 8:30-ին՝ բոլորից շուտ, հայտնվում աշխատավայրում:

«Թիմային աշխատանք. ահա իմ հաջողության գաղտնիքը»

Թեւան Պողոսյանը հավատում է Աստծուն եւ իր երազածի ուժին: Դնում է նպատակ ու հասնում նրան: «Մեծ ընտանիք, սեփական ձեռքով կառուցած տուն, սիրած աշխատանք, շատ ընկերներ, գործ, որ սկսել եմ զրոյից ու հասել շատ բաների: Կարող եմ վստահ ասել` ինչին որ հասել եմ կյանքում,  միշտ ինչ-որ չափով հիմնված է եղել երազանքներիս վրա: Իմ բոլոր գործերում միշտ առկա է թիմայինի գաղափարը: Համարում եմ, որ մենակ մարդը շատ բանի չի կարող հասնել»:

Դա հասկացավ, երբ 1997-ին միայնակ հայտնվեց Ամերիկայում: Նրան տվեցին մի սենյակ, ասացին. սա լինելու է քո գրասենյակը, աշխատելու համար մի գրասեղան ու աթոռ: Դժվար էր մենակ գործունեություն ծավալել մի երկրում, որտեղ հենց թիմային աշխատանքի գաղափարն էր առավել ողջունվում: Վաշինգտոն ոտք դնելուց մեկ տարի 8 ամիս անց, երբ վերադառնում էր Հայաստան, արդեն կար նորմալ կառույց, աշխատող թիմ, կար ճանաչվածություն: Նույն սկզբունքով հետագայում հայրենիքում պիտի ստեղծեր ՄԶՄԿ-ն ու Հայկական ատլանտյան ասոցիացան: Կառույցները պիտի կայանային հենց թիմային աշխատանքի շնորհիվ.

«Ամեն մեկս հստակ գիտենք, թե ինչ աշխատանք պիտի անենք, բայց դրա հետ մեկտեղ չկա տարանջատվածություն, ինչպես երկու ձեռքերի մատները միահյուսելիս ենք ստանում մի ամբողջական պատկեր, այ հենց էդպես էլ մարդիկ կարող են պատկերացնել ՄԶՄԿ-ն, որ ուժեղ անհատների թիմային աշխատանքի արդյունք է»:

Թեւանն ասում է, որ միակ գործը, որին ձեռնամուխ է եղել միայնակ, դա գինեգործությունն է: 2005 թ.-ից սկսած ամեն տարի խաղող է գնում, ճմռում, քամում, լցնում շշերն ու բաժանում ընկերներին: «Տարեկան 100 շիշ գինի եմ պատրաստում, ոչ ավելի եւ հիմնականում նվիրում եմ ընկերներիս ու բարեկամներիս: Սա բիզնես չէ, ես ունեմ փոքրիկ մառան, հյուրեր մեր տանը շատ են լինում եւ անպայման համտեսում են իմ գինին: Սա արդեն հոբբիի պես մի բան է դարձել, ինչպես որսորդությունն ու ձկնորսությունն իմ կյանքում»:

Կյանքը տեղում չի դոփում: Թեւան Պողոսյանի համար սա կարգախոսի նման մի բան է: Լճացում չի ընդունում թե գործնական, թե անձնական հարցերում. «Պիտի շարժ լինի, ինչ-որ մի բան պիտի աճի ու զարգանա, երբ այդ ինչ-որ մի բանի հասունացումն ավարտվի, պիտի անցնեմ մի այլ բանի: Նորի ստեղծումն ինձ միշտ գրավում է»:

Թերեւս դա էր պատճառը, երբ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է լայն պլատֆորմով ներկայանալ Ազգային ժողովի ընտրություններին եւ պատրաստ է իր թիմում տեսնելու նաեւ անկուսակցական գործիչների, Թեւան Պողոսյանը որոշեց միանալ նոր ձեւավորվող թիմին:

«Մենք զրուցեցինք պրն Հովհաննիսյանի հետ, նա ծանոթացավ իմ ծրագրերին ու գաղափարներին: Ինձ հատկապես գրավել էր այն հանգամանքը, որ խնդիր չէր դրվում իմ ազատության սահմանափակմանը կուսակցությանն անդամագրվելու գնով: Էդպես անցավ որոշ ժամանակ այդ խոսակցությունից, ու մի օր էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը զանգահարեց, հարցրեց, հո չեմ մտքափոխվել: Ասի, որ հաստատակամ եմ որոշմանս մեջ: Այդպես ես ընդգրկվեցի «Ժառանգության» համամասնական ցուցակում: Վստահ եմ, որ խորհրդարան մտնելուց հետո թիմային մեծ աշխատանք է մեզ սպասվում»:

R

 

Մեկնաբանություններ (10)

arko
es kxndrei Tevanin janachognerin im mek harci patasxanein, ira papai anun@ Jirayr e, kuzenai imanal Xarabaxi naxkin varchapet Jirayr Poxosyani tgan e, Shnorhakalutyun...
Hakob
Ayo, Tevani hayr@ Kharabaghi naxkin varchapet Jirayr Poghosyann e.
Lilit
Es el em chanachun ays Hrashq @ntaniqi mi masin. Shat urax em bolor hajoxutyunneri hamar. Miayn apsosum em Qristiki hamar. Ayd tesaki erexaner@ mez Hayastanum en petq. hajoxutyun em maxtum
AK
1994-96 թթ.-ին նույն բուհում ստանում է մագիստրոսի աստիճան... Politexum magistraturan bacvel a 96 tvakanic, aystegh inch vor sxal ka.
Karen
Tevan@ im lav @Nkern e, hazar tari e janachum em iran, hrashali andznavorutyun a! Tevuhi jan et inch unes ira dem vor tenc lokvats es u hima daver es nu=yutum?!! ay q
Sara
Naxandz@ mardun incher ases vor chi anum.. amot e Tevuhi!
kimberly
Kasem,vor Tevanin chanachum em 17 tari u kyanqum et marduc voch mi vat ban chem tesel u lsel. Ete du et mardun chanacheir kyanqum tenc ban cheir gri es qez havatacnum em.. ha u avelacnem tipik haykakan naxandzy mi koxm dir u stexcir en ameny inchy inqna karacel stexcel u tox qez yndanrapes chhuzi inch chanaparova na dran hasel. Pasty ena,vor hasela,isk du nstac compi demy uxxaki daver es nyutum!!!! Chi kareli.
nare
Կարող է Եղշատովի ցեղից ես Թեւուհի, որ բոլորին ճանաչում ես: Ըստ քո գրածի եւ հեղինակին լավ գիտես, եւ ակնարկի հերոսին, իսկ կա մեկը որ կարող է քո կերպարը ներկայացնել, չեմ ասում լամպի, գոնե մոմի լույսի տակ: Ես արդեն վստահ եմ, որ Թեւանը Թեւուհուն անմոռանալի, մի մեծ լավություն է արել, որ վերջինս ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ ու հատուցում է հիմա վատաբանելով:
Ribok
Inchkan vat ban e naxandze kam chgitem inchpisi gnahatakan tam verevi commentin??? Tevuhi chem anradarna dzer gratsnerin miayn kasem vor yete Tevanin tshanachum es uremn lav ches tshanachum vor ed kartsikin es... Apsos...
Թևուհի
Ինչքա՞ն է մուծվել Թևանը, որ այսպես գունավոր նկարել եք կենսագրությունը, տպավորություն այնպիսին էր, որ այս մարդն իր ճանապարհը ոչ թե սկսել է Հայաստանում , ուր ամեն քայլափոխի փակ դռան ես հանդիպում, այլ լուասավոր Եվրոպայում: Ամոթն էլ լաւ է: Ամբողջ օրը ազնվությունից ես խոսում, բայց նման հետույքամտնող հոդված ես գրել մի մարդու մասին, որը ոչ այլ ոք է քան պատեհապաշտի մեկը: Մոմի լույս, չգիտեմ ինչ, երեևի մոռանում եք որ Հայաստանում ենք ապրում ու բոլորս բոլորին ճանաչում է, ով ինչպես ում միջոցով ինչի է հասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter