HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ գրանցված թեկնածուներից մեկը շրջում էր ընտրատեղամասում։

Թալին քաղաքում գտնվող 18/2 ընտրական տեղամաս ժամը 10:50-ի սահմաններում մուտք գործեց ավագանու ընտրություններին մասնակցող «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համար, անկուսակցական Տիգրան Հարությունյանը։ Նա ողջունեց հանձնաժողովի անդամներին, ապա շրջեց ընդարձակ տեղամասում։ Տիգրան Հարությունյանը մի պահ զրույցի բռնվեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանի հետ։ Երբ լուսանկարեցինք ավագանու թեկնածուին և հանձնաժողովի նախագահին, Տիգրան Հարությունյանը գրպանից հանեց ավագանու թեկնածուի վկայականը և փորձեց այն ամրացնել հագուստին։ Շատ չանցած՝ նա լքեց տեղամասը։

«Հետք»-ի հետ զրույցում 18/2 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանն ասեց, որ թեկնածուին զգուշացրել է, որ պետք է դուրս գա տեղամասից։ Ըստ Խլոյանի՝ թեկնածուն ավելի վաղ ընտրել էր 18/2 տեղամասում, իսկ թե ինչու էր նորից եկել՝ չգիտի։ Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ավագանու թեկնածուներն իրավունք չունեն գտնվելու տեղամասում, ապա հավելեց, որ ոչ բոլոր թեկնածուներին են դեմքով ճանաչում։

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում 4 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանը։ 2021 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Տավրոս Սափեյանը անդամակցում էր «Հանրապետություն» կուսակցությանը և համամասնական ցուցակի 10-րդ համարն էր։ ԱԺ ընտրություններից հետո՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավրոս Սափեյանը նշանակվեց Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Արդեն ՏԻՄ ընտրություններին Սափեյանը մասնակցում է որպես ՔՊ-ական։

«Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում է 2002-2012 թթ.-ին Թալին համայնքը ղեկավարած, ապա ԱԺ «Հանրապետական» խմբակցության կազմում պատգամավոր աշխատած Մնացական Մնացականյանը։ Նա դուրս է եկել ՀՀԿ-ից և որպես անկուսակցական գլխավորում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հիմնադրած «Զարթոնք» կուսակցության Թալինի ցուցակը։

«Հայք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է մարզիչ-մանկավարժ Կարեն Գրիգորյանը։ Նա անդամակցում է «Հայք» լիբերալ կուսակցությանը։

«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը անկուսակցական Տիգրան Հարությունյանն է։ Դաշինքի թեկնածուների ցանկում գերակշռում են ՀՅԴ-ականները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter