HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մոնթեավանի համայնքապետարանի աշխատակիցը հանձնաժողովի անդամներին ցուցումներ էր տալիս

Արմավիրի մարզի Մոնթեավանի (մինչև խոշորացումը՝ Շահումյանի թռչնաֆաբրիկա)՝ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի աշխատասենյակի դիմաց է գտնվում 15/65 ընտրատեղամասը։

Լյուդվիգ Յայլոյանը Խոյ խոշորացված համայնքի (Մոնթեավանը դառնում է Խոյի բնակավայր) ավագանու թեկնածու է։ Նա իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ընտրական ցուցակում երկրորդ համարն է։

Միջանցքից բացվող համայնքապետի աշխատասենյակի դուռը ԿԸՀ-ի կպչուն ժապավենով փակվել էր, սակայն ընդունարանից աշխատասենյակ գնացող դուռը միայն բանալիով էր փակած։

Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները տեղավորվել էին համայնքապետի աշխատասենյակի ընդունարանում։

Համայնքապետի աշխատասենյակը հանգստի տարածք է օգտագործվում նաև ՔՊ-ի վստահված անձանց համար։ Նրանք անարգել ելումուտ են անում։

ՔՊ վստահված անձանցից Վահագ Խաչատրյանը, որը համայնքապետի ընդունարան ակտիվ ներսուդուրս անողներից էր, ներս մտնելիս բարձր ասում էր, թե իբր մտնում է դեղ խմելու։ Ստացվում էր, որ Խաչատրյանը 10 րոպեն մեկ դեղ է խմում։

Թիվ 15/65 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Անի Սարգսյանն ասաց, որ համայնքապետի դուռը կպչուն ժապավենով փակելու գաղափարն իրենցն է եղել, ինչը կարող էին չանել։

Գյուղացիների հետ զրույցներից պարզվեց, որ բոլոր ընտրությունների ժամանակ ընտրատեղամասը գտնվել է համայնքապետարանի շենքում։ Այս շենքը նախկինում մանկապարտեզ է եղել, որը չի գործում շենքի վատ վիճակի պատճառով։

Մոնթեավանն ունի 600 ընտրող, որից ժամը 12:15-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 57-ը։

Ընտրատեղամաս մտնում և հանձնաժողովի անդամներին ցուցումներ էր տալիս մի տղամարդ։ Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, թե վստահված անձ է, մյուսը, թե՝ գյուղացի է, բան էր հարցնում։ 

Տղամարդն այդպես էլ իր անունը չասաց։  Երբ հետաքրքրվեցինք, թե ով է, պատասխանեց, որ համայնքապետարանի աշխատող է. «Զալի պատասխանատուն եմ»։

Հավելենք, որ Խոյ խոշորացված համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» և «Ազատական» կուսակցությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter