
ՀՅԴ վստահված անձն ընտրատեղամաս էր եկել «Հայաստան» դաշինքի վկայականով
Աշտարակի 17/2 ընտրատեղամասում ՀՅԴ վստահված անձը ներկայացել էր «Հայաստան» դաշինքի վկայականով, չնայած նրան, որ Աշտարակի ընտրություններում «Հայաստան» դաշինքը չի մասնակցում։
Հանձնաժողովի քարտուղարը սկզբում շփոթեց «Հայրենիք» կուսակցության հետ և նշեց գրանցամատյանում, ապա անմիջապես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Կարեն Սիմոնյանին, ով էլ զանգահարեց Աշտարակի տեղամասային հանձնաժողով՝ պարզելու խնդիրը։
«Քարտուղարը գրանցել էր։ Ասաց, որ «Հայաստան» դաշինքն է, ու քանի որ կուսակցությունների և դաշինքների թիվը շատ մեծ է, Հայաստան, Հայրենիք շփոթմունք է առաջացրել։ Հետո ճշտում կատարեցինք Աշտարակի տարածքային հանձնաժողովից։ Հանձնաժողովը ասաց, որ շփոթմունք է եղել»,-նշեց Կարեն Սիմոնյանը։
ՀՅԴ-ն մտնում է «Հայաստան» դաշինքի կազմի մեջ, և ավագանիների կազմով մասնակցում է ընտրությանը։ Հանձնաժողովի նախագահ Կարեն Սիմոնյանը ՀՅԴ վստահված անձ Սամվել Անթանոսյանին ասաց, որ միայն համապատասխան վկայականի դեպքում նա կարող է մասնակցել ընտրությանը։
ՀՅԴ վստահվանձ անձ Սամվել Անթանոսյանը, որին սխալ վկայական էին տվել, ասաց, որ չի նկատել սխալը և վկայականը ստանալուց հետո անմիջապես եկել է ընտրատեղամաս։
«Հիմա գնում եմ, ճիշտ վկայականը վերցնեմ»։
Մոտ 30 րոպե անց Սամվել Անթանոսյանը վերադարձավ ՀՅԴ վստահված անձի համապատասխան վկայականով։
Աշտարակի 17/2 ընտրատեղամասում գրանցված 1819 ընտրողից ժամը 12։30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 210 քաղաքացի։
Անի Թամրազյան
Մեկնաբանել