
Մինասի որմնանկարը` ՏԻՄ ընտրությունների ականատես
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի բնակիչները մտնում են 32/22 ընտրատեղամաս։ Պատին Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարն է, որը նա ստեղծել է 1973 թվականին։
1988թ․ երկրաշարժից հետո շենքը, որտեղ հիմա գործում են համայնքապետարանն ու մշակույթի տունը, ավերվել է, բայց որմնանկարի պատը պահպանվել է։
1988-2010 թթ․ որմնանկարը գտնվել է բաց երկնքի տակ։ Այնուհետև պատի շուրջ կառուցել են համայնքապետարանի ներկայիս շենքը։
Վահրամաբերդ համայնքն այժմ ընդգրկվել է Ախուրյան խոշորացված համայնքի կազմում, որը ներառում է 35 բնակավայր։
2017-ին Ախուրյան և Մարմաշեն համայնքները խոշորացել էին, հետո Մարմաշեն խոշորացված համայնքը միավորեցին Ախուրյան խոշորացված համայնքի հետ։ Այստեղ կա 31 807 ընտրող։
Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Վահրամաբերդի 32/22 ընտրական տեղամասի նախագահ Անգին Մաթոսյանի փոխանցմամբ՝ գրանցված 1010 ընտրողներից ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 216 ընտրող։
Ընտրություններն անցնում են բնականոն ընթացքով։
Մեկնաբանել