HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրական սպասելիքներ. «Ուրիշ բանի անուն մի տվեք, թող մանկապարտեզը սարքեն, հետո ասֆալտ էլ կուզենք»

Ռաֆիկ Զաքարյանն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով ընտրությանը։ Նա համագյուղացիների հետ նստել էր գյուղի կենտրոնում և հետևում էր անցուդարձին։

Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում ընտրողների հոսքը համեմատաբար ակտիվ է։ 1127 ընտրողից ժամը 15-ի դրությամբ քվեարկել է 294-ը:

Ակտիվությունը պատճառն այն է, որ Խոյ խոշորացված համայնքում (Այգեշատը դառնում է Խոյի բնակավայրը) ընտրությանը մասնակցող 3 կուսակցությունից մեկի՝ «Ազատական« կուսակցության ցուցակը գլխավորող Ռոբերտ Հովսեփյանը Այգեշատ համայնքի ղեկավարն է։

Ռաֆիկ Զաքարյանն ասաց, որ խոշորացված համայնքի նոր ընտրվող ղեկավարից մեծ սպասելիքներ ունեն։ Իրենց առաջնահերթ լուծում պահանջող հարցը մանկապարտեզի շահագործումն է։

Գյուղացիների խոսքերով՝ 10 տարուց ավելի է, ինչ մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները չեն ավարտվում։

«Սովորական 7 տեղանոց մեկ մեքենայի մեջ 20 երեխա են լցնում ու տանում են Արագածոտնի մարզի Օշական գյուղի մանկապարտեզ։ Մոտը դա է՝ մոտ 4 կմ։ Իմ թոռն էլ ա գնում։ Սիրտս կանգնում ա մինչև տուն ա հասնում։ Ճանապարհը ձորի միջով ա անցնում։ Պատկերացնո՞ւմ եք մի մեքենա խփի, ինչ կլինի այդ 20 երեխու վիճակը։ Մեզ ոչ մի բան պետք չի, մենակ մանկապարտեզը սարքեն»,- ասում է Ռ. Զաքարյանը։

Համագյուղացիներից մեկը հուշեց, որ գյուղի ճանապարհները նույնպես վատ վիճակում են։

«Այ մարդ, ուրիշ բանի անուն մի տվեք, թող մանկապարտեզը սարքեն, հետո ասֆալտ էլ կուզենք»,- ավելացրեց Ռաֆիկ Զաքարյանը։

Հիշեցնենք, որ 17 համայնքից բաղկացած Խոյ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատական» և «Զարթոնք» կուսակցությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter