HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կողբի բնակիչները հույս ունեն, որ ընտրությունից հետո համայնքի բոլոր թաղամասերում շուրջօրյա ջրամատակարարում կլինի

Անահիտ Անանյանի խանութը Կողբի համայնքապետարանի դիմաց է, նա մասնակցել է տեղական ընտրությանը եւ վերադարձել իր գործին։ Ասում է՝ իրենց համայնքի առաջնահերթ լուծման կարիք ունեցող հարցը 24-ժամյա ջրամատակարարումն է, հույս ունի՝ ընտրություններից հետո դա կլուծվի։ «Կենտրոն տեղ ենք, բայց ջուր չունենք, որ գոնե ձեռքներս լվանանք»,- ասում է Անահիտը։ Տանն օրական 2-2.5 ժամ են ջուր ունենում։ Թեեւ խմելու համար պիտանի չէ, բայց կարողանում են կենցաղում օգտագործել։ 

Անահիտ Անանյանի խանութի դիմաց կոշկակար Սերգեյ Յարալյանի արհեստանոցն է։ «Հետքի» հետ զրույցում նա նույնպես անդրադառնում է ջրի բացակայությանը, նշում, որ որոշ թաղամասերում արտեզյան ջուր են օգտագործում, որը մաշված խողովակներով է հոսում եւ այդքան էլ մաքուր չէ խմելու համար։ Մաշված խողովակների հետեւանքով նաեւ ջրի մեծ կորուստ կա։ 

Սերգեյ Յարալյանը հույս ունի, որ ընտրություններից հետո գյուղի գլխավոր ճանապարհները կվերանորոգվեն։ «Խճապատում են, իհարկե, բայց ժամանակավոր բնույթ է կրում, անձրեւներից հետո նորից վերանորոգման կարիք է լինում»,- ասում է Յարալյանը։ Հավելում է, որ լուսավորություն պետք է անցկացվի բոլոր թաղամասերում։ Խոսելով համայնքների միավորումից՝ Յարալյանն ասում է, որ սա լրացուցիչ խնդիր կարող է առաջացնել հեռավոր գյուղերի բնակիչների համար, պետք է հարցն այնպես կարգավորել, որ բնակիչների հարցերին վարչական ղեկավարները կարողանան հստակ պատասխաններ տալ եւ ամեն մի «փաստաթղթի համար մարդկանց մի քանի անգամ Նոյեմբերյան քաղաք չուղարկեն»։

Լուսինե Խաչիկյանը եւս Կողբի բնակիչ է, համայնքի խնդիրներից նա էլ է առանձնացնում 24-ժամյա ջրամատակարարումը եւ ճանապարհների վերանորոգումը։ 

Հիշեցնենք, որ Կառավարության 2021 թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ 441 համայնք միավորվել է եւ ձևավորվել է 37 համայնք։ Դրանցից մեկն էլ Նոյեմբերյան (Նոյեմբերյան, Կողբ, Այրում) համայնքն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter