
Լեռնամերձում 3 ձայնի առավելությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»
Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում (դառնում է Խոյ խոշերացված համայնքի բնակավայր) ավագանու ընտրությունների արդյունքներով նախնական տվյալներով՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Լեռնամերձում ընտրելու իրավունք ուներ 330 մարդ, որից ընտրությանը մասնակցել է 185-ը։
Այս ընտրություններում առաջադրվել էին «Ազատական», «Զարթոնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
«Ազատական» կուսակցության օգտին քվեարկել է 1 ընտրող, «Զարթոնքի» օգտին՝ 88 , իսկ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին՝ 91։ Անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Նշենք, որ «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում էր հարևան Այգեշատ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանը։ «Զարթոնքի» ցուցակի առաջին համարը փաստաբան, Լեռնամերձ համայնքի բնակիչ Գուրգեն Գրիգորյանն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում է նաև Լեռնամերձ համայնքի ղեկավար Վարդան Միրզոյանի որդին, որը ներկա էր հաշվարկին։
Մեկնաբանել