
Ոստիկանապետի փեսան գումարային մեծ առավելություն ունի մրցակիցների նկատմամբ
Երեւանի թիվ 5 ընտրատարածքում ընտրապայքարի մեջ է մտել նաեւ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանը` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան: Թեեւ իր մրցակիցների հետ համեմատ երիտասարդ տարիքին՝ նա հասցրել է բավականին ունեցվածք կուտակել:
Ըստ տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրի՝ Արթուր Գեւորգյանն ունի 633.8 քմ առանձնատուն եւ 0.2515 հա հողամաս Սասնա Ծռեր փողոցում, վարձակալության իրավունքով` ավտոտեխսպասարկման կայան եւ երկու հողամաս ու շինություն Երեւան քաղաքում:
Ոստիկանապետի փեսային է պատկանում 2 ավտոմեքենա` 1985 թ. արտադրության «ԳԱԶ-24» եւ 2007 թ. արտադրության «BMW X5-4.8» մակնիշի:
Պատգամավորության թեկնածուի եկամուտի աղբյուրը միայն աշխատավարձն է` 4 միլիոն 85 հազար 189 դրամ: Նա ոչ բաժնեմաս ունի ընկերություններում, ոչ արժեթղթեր, սակայն անհասկանալի աղբյուրներից նրա հաշվեհամարին կա մեծ գումար:
Մարտի 1-ի դրությամբ Արթուր Գեւորգյանն ունեցել է 43 միլիոն դրամ, 945 հազար դոլար եւ 239 հազար եվրո:
Նրա մրցակից Սուրեն Սիրունյանը գործազուրկ է: Նա ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք չունի: Չունի նաեւ եկամուտ, սակայն մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 5 միլիոն դրամ:
Այս ընտրատարածքում առաջադրված երրորդ թեկնածուն` Հովհաննես Հովհաննիսյանը, դարձյալ աշխատանք չունի: Համասեփականության իրավունքով նրան է պատկանում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող 520 քմ մակերեսով առանձնատունն ու 0.12 հա հողամասը, ինչպես նաեւ 0.3 հա ոչ գյուղատնտեսական նշանակության հող նույն մարզի Արզնի գյուղում:
Հովհաննես Հովհաննիսյանը ոչ շարժական գույք ունի, ոչ էլ 8 միլիոն դրամը կամ համարժեք փոխարժեքը գերազանցող թանկարգեժ գույք կամ իրեր: Նա վերջին մեկ տարվա ընթացքում որեւէ եկամուտ չի ստացել, սակայն մարտի 1-ի դրությամբ ունեցել է 2 միլիոն 800 հազար դրամ:
Մեկնաբանել