
Արմավիրում 7 համայնքից 6-ում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
Արմավիրի մարզի 7 խոշորացված համայնքներում երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ընտրություններ էին։ 7-ից 6 համայնքում ընտրողների առավելագույն ձայները ստացել է իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ)։ Վերջինս պարտվել է միայն Փարաքար համայնքում։
Փարաքարում ընտրապայքարի մեջ էր երեք քաղաքական ուժ՝ ՔՊ, «Ապրելու երկիր» և «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը։
«Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է 4637 ընտրող։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ՔՊ-ն՝ ստացած 2609 քվեով։
Էջմիածնում քաղաքապետ ունենալու համար պայքարում էր 5 քաղաքական ուժ։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 5776 ընտրող, իսկ երկրորդ տեղում նախկին Հանրապետական Սևակ Խաչատրյանի գլխավորած «Էջմիածին» կուսակցությունների դաշինքն է՝ 3872 ձայնով։
Արմավիր համայնքում առաջադրվել էր միայն ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում էր գործող համայնքապետ Դավիթ Խուդաթյանը։ Նրա օգտին քվեարկել է 8370 ընտրող, դեմ՝ 577։
Մեծամորում ընտրապայքարի մեջ էին մտել երկու քաղաքական ուժ՝ ՔՊ-ն և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 14 048 մարդ, իսկ ՀՅԴ-ի օգտին՝ 3634։
Բաղրամյանում համայնքապետ ունենալու համար պայքարում էին «Արդար Հայաստան», ՔՊ կուսակցությունները և «Մհեր Բաղրամյանը» կուսակցությունների դաշինքը։
ՔՊ-ի օգտին քվեարկել է 3243 ընտրող, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Արդար Հայաստանի» օգտին՝ 2407:
Արաքս համայնքում 3679 ձայնով առաջատար է ՔՊ-ն։ Այստեղ իշխող կուսակցության հետ պայքարում էր նաև« Զարթոնք» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Զարթոնք» կուսակցությունը՝ 2485 քվեով։
Խոյ խոշորացված համայնքում տեղական իշխանություն ձևավորելու համար պայքարում էր երեք կուսակցություն՝ ՔՊ, «Զարթոնք» և «Ազատական» կուսակցությունները։
ՔՊ-ի օգտին քվեարկել է 4436 ընտրող, իսկ երկրորդ տեղը զբաղեցրսծ «Զարթոնքի» օգտին՝ 1156։ «Ազատական» կուսակցությունը 1 պակաս քվեով է հայտնվել երրորդ տեղում։
«Հետք»-ն օրվա ընթացքում անդրադարձել է Արմավիրի մարզի ընտրություններին։ Բոլոր համայնքներում արձանագրվել է ցածր ցուցանիշ։ Միայն Փարաքար համայնքում է հաղթահարվել մասնակցության 50%-ի շեմը։
Մեկնաբանել