HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշում չկայացվեց․ դատարանը վերսկսում է Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործի քննությունը

Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, որոշել է վերսկսել Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու հարցով գործի քննությունը։

Հիշեցնենք՝ «Վայք գոլդ» ՍՊԸ-ն 2020թ․ փետրվարի 17-ին դիմել է դատարան ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։ Ընկերությունը վիճարկում էր «Վայք գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին նախկին նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը։ Այն արձակել էր 2019թ․ դեկտեմբերի 19-ին։

Վերջին՝ նոյեմբերի 3-ի նիստում դատարանն ավարտել էր գործի դատաքննությունը և հայտարարել դատական ակտի հրապարակման օր, այն է նոյեմբերի 22-ը։ Սակայն այդ օրը դատարանը որոշումը չհրապարակեց՝ դատավոր Արթուր Ավագյանի՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված։

Դատարանի աշխատակազմից մեզ հայտնեցին, որ դատարանն այդպես էլ չի հրապարակել վերջնական ակտը աշխատանքի վերադառնալուց հետո, այլ վերսկսում է գործի քննությունը։

Եվ այսպես, datalex.am-ից տեղեկանում ենք, որ դատական ակտի հրապարակման օրը՝ նոյեմբերի 22-ին-ին «Վայք գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել դատարանի կողմից պահանջված լրացուցիչ ապացույցները, որոնք դատավոր Արթուր Ավագյանին հանձնվել են նոյեմբերի 29-ին։

Վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, դատաքննության ավարտից հետո անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը։

Տվյալ դեպքում, վերոգրյալ նորմի հիման վրա, դատարանը գտել է, որ այս գործի քննությունը ենթակա է վերսկսման՝ նոյեմբերի 22-ին «Վայք գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված ապացույցները հետազոտելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter