HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրությունները համապատասխանում են ազատ և արդար ընտրությունների չափանիշներին. «Անկախ դիտորդ»

2021 թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 38 համայնքներում, որոնցից 36-ը համամասնական ընտրակարգով, իսկ երկուսը՝ մեծամասնական։ Ընտրությունների տարածքը ներառում էր 621 բնակավայր:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հետևել է ընտրությունների ընթացքին նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը՝ 143 տեղամասերում և 23 տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ 30 երկարաժամկետ դիտորդների, 420 կարճաժամկետ դիտորդների (այդ թվում՝ 43 շրջիկ խմբերի), 16 իրավաբանների, մեդիա մոնիթորինգի 3 մասնագետի և 40-հոգանոց համակարգող ու հաղորդակցության թիմերի կազմով:

Դիտորդական առաքելության հիմնական եզրահանգումն այն է, որ համայնքների մեծ մասում արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, արտացոլում են ընտրողների կամքը, և ընտրությունները համապատասխանում են ազատ և արդար ընտրությունների չափանիշներին։

«Այդուհանդերձ, խնդրահարույց է այն, որ որոշ համայնքներում գործնականում չի եղել մրցակցություն կամ այդ մրցակցությունը չի եղել արդար՝ վարչական և ֆինանսատնտեսական ռեսուրսի չարաշահման հետևանքով: Համարում ենք, որ տեղական մակարդակում ընտրական ավանդույթներն էական բարելավման ճանապարհ պետք է անցնեն՝ քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման և հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով։ Իսկ ընտրական օրենսդրությունը պետք է էապես բարելավվի՝ ֆինանսատնտեսական ու վարչական լծակներով մրցակցային առավելությունների չեզոքացման ուղղությամբ»,- նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Դիտորդական առաքելության հաշվետվության մանրամասները՝ հղումով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter