
ՀՀԿ-ական թեկնածուն թաքցրել է իր ունեցվածքը
Հանրապետության նախագահի մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ գործարարների մուտքը խորհրդարան չի խրախուսվում: Նրանց մուտքը արգելելը իշխանությունները դիտում են «բարի կամքի» դրսեւորում` մոռանալով, որ Սահմանադրությամբ եւս նախատեսված է, որ պատգամավորը չի կարող զբաղվել գործարարությամբ, այնուամենայնիվ, կոպտորեն ոտնահարելով Սահմանադրության պահանջը, պատգամավորների զգալի մասը գործարարներն են:
Իհարկե, փաստաթղթերով նրանք չեն իրենց ձեռնարկությունների ու ՍՊԸ-ների ղեկավարները, սակայն ցանկության դեպքում մեծ դժվարություն չէ պարզել, որ դա միայն փաստաթղթերով է այդպես:
Գործարար պատգամավորի համբավ ունի թիվ 21 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը: Ըստ տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ նրան է պատկանում «ՄԱՊ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը:
Պատգամավորության թեկնածուն Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ունի 238 քմ մակերեսով բնակելի առանձնատուն, Արմավիր քաղաքում հասարակական տարածք, բնակելի տուն` Երեւանի Ուլնեցի փողոցում, ինչպես նաեւ 6.83-98.97 հա գյուղատնտեսական հողեր Արմավիրի մարզի Լենուղի, Բամբակաշատ, Արտամետ, Տալվորիկ, Մայիսյան գյուղերում:
Ինչպես պարզվում է, Ալեքսան Պետրոսյանը մի քանի հեկտարով պակաս է հայտարարագրել Տալվորիկ համայնքի իր հողերը: Դեռեւս 07.03.12 թ. գրավոր հարցում էինք ուղղարկել Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանին՝ պարզելու գյուղում խոշոր հողատերերի ցանկը: Համայնքապետը գրությամբ հայտնել է, որ Ալեքսան Պետրոսյանը գյուղում ունի 102 հա հողամաս, որից 98 հա խաղողի այգի է, իսկ 4 հա-ը` նուռի: Այնինչ պատգամավորը նշել է, թե Տալվորիկում ունի 98.97 հա հողամաս:
Ալեքսան Պետրոսյանը հայտարարագրել է նաեւ 1987 թ. արտադրության «ՄԱԶ-53 352» եւ «Մերսեդես 3208» մակնիշի ավտոմեքենաներ:
Թեեւ գործող պատգամավորին է պատկանում «ՄԱՊ»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը, սակայն նա եկամուտների բաժնում հայտարարագրել է միայն ԱԺ-ից ստացած մեկ տարվա աշխատավարձը` 3 միլիոն 108 հազար 580 դրամ: Մարտի 1-ի դրությամբ Ալեքսան Պետրոսյանն ունեցել է 625 միլիոն 400 հազար դրամ:
Ալեքսան Պետրոսյանի մրցակիցը ՀԱԿ-ի կողմից առաջադրված Սեդրակ Հովհաննիսյանն է: Ըստ հայտարարագրի` նա գործազուրկ է: Թեկնածուն բացարձակապես ոչինչ չունի` ոչ շարժական ու անշարժ գույք, ոչ բաժնետոմսեր, ոչ եկամուտ ու թանկարժեք իրեր, իսկ մարտի 1-ի դրությամբ ունեցել է 0 դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել