HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քովիդից մահացու. AstraZeneca պատվաստանյութի ստեղծողը զգուշացնում է ապագա համավարակների վտանգի մասին

Ապագա համավարակները կարող են ավելի մահացու լինել, քան ներկայիս համավարակը։ Այդ մասին հայտարարել է Oxford-AstraZeneca պատվաստանյութը ստեղծողներից մեկը և կոչ արել փող հատկացնել դրանց նախապատրաստվելու համար։ 

BBC-ի փոխանցմամբ՝ պրոֆեսոր Սարա Գիլբերտը նշել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը, հնարավոր է, քիչ արդյունավետ լինեն կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ և առաջարկել քաղաքացիներին զգուշավորություն ցուցաբերել, քանի դեռ նոր տարբերակն ամբողջությամբ չի հետազոտվել։ 

«Այս ճգնաժամն ակնհայտորեն վերջինը չէ։ Ճիշտն ասած, հաջորդ վիրուսը կարող է ավելի վատը լինել։ Այն կարող է ավելի վարակիչ լինել, ավելի մահացու կամ էլ և՛ մեկը, և՛ մյուսը։ Այն գիտելիքները, որոնք կարողացել ենք ձեռք բերել, չպետք է կորսվեն»,- կարծում է Գիլբերտը։ 

Խոսելով «Օմիկրոն» շտամի մասին՝ Գիլբերտն ասել է, որ դրա սպիտակուցը պարունակում է մուտացիաներ, որոնք, ինչպես հայտնի է, մեծացնում են վիրուսի տարածման կարողությունը։ 

Գիլբերտի պնդմամբ՝ նոր տարբերակում այլ փոփոխություններ էլ կան, դրանք կարող են նշանակել, որ հակամարմինները, որոնք առաջացել են պատվաստանյութերի կիրառման կամ քովիդի տարբերակներից մեկով վարակման պարագայում, կարող են քիչ արդյունավետ լինել «Օմիկրոն»-ի դեմ։ Բայց, եթե պատվաստանյութն այդքան արդյունավետ չէ քովիդի թեթև տարբերակի համար, դա մեխանիկորեն չի նշանակում, որ այն վատ է պաշտպանում հիվանդության ծանր ձևից, պնդում է Գիլբերտը։ Պրոֆեսորը չի բացառում, որ ապագայում կարող է մշակվել գրիպի համընդհանուր պատվաստանյութ։ 

Սարա Գիլբետը 2020 թվականի սկզբին սկսել էր զբաղվել կորոնավիրուսի պատվաստանյութի մշակմամբ, երբ COVID-19-ն առաջին անգամ ի հայտ եկավ Չինաստանում։ Այսօր Oxford-AstraZeneca պատվաստանյութն ամենաշատ կիրառվողն է ողջ աշխարհում։ Դրա դեղաչափերն ուղարկվել են աշխարհի ավելի քան 170 երկրներ։

Լուսանկարը՝ John Lawrence-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter