HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանա-արաբական հարաբերությունների ջերմացում. ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը Թեհրանում է

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ ալ Նահայանը բարձր մակարդակով բանակցություններ վարելու նպատակով Իրանում է։ Սա դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերությունների հնարավոր ջերմացման նախանշան։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։

Շեյխ Թահնունը՝ երկրի փաստացի ղեկավար և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բեն Զայիդի եղբայրը, իրանական կողմի հետ քննարկել է երկկողմ կապերի բարելավման հարցն ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ։ Սկզբում նա հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար Ալի Շահմանիի, իսկ այնուհետ՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Համաձայն իրանական կողմի տարածած հաղորդագրության, Շամհանին ասել է, որ Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է հարևան երկրների հետ «ջերմ և բարեկամական կապերի զարգացումը»։ Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները չպետք է ենթարկվեն արտաքին ազդեցությանն ու միջամտությանը և պետք է աշխատեն երկխոսության ճանապարհով ռազմական ու անվտանգային ճգնաժամերի լուծման ուղղությամբ։ Շամհանին հույս է հայտնել, որ շեյխ Թահնունի այցը «երկկողմ հարաբերություններում կնշանավորի նոր փուլի սկիզբ և հող կստեղծի բոլոր կապերի ընդլայնման համար»։

ԱՄԷ-ն ներառված է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կազմում, որը պայքարում է Եմենում Իրանի աջակցությունը վայելող հուսիտական ուժերի դեմ։ Իրանը և Սաուդյան Արաբիան, Իրաքի միջնորդությամբ, այս տարվա ապրիլ ամսից Բաղդադում չորս փուլով բանակցություններ են վարել։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները սեպտեմբերին հանդիպել էին նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, սակայն պաշտոնապես չէր հայտարարվում հետագա բանակցությունների մասին։ 

Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ շեյխ Թահնունը հայտարարել է, որ ԱՄԷ-ն ևս ցանկանում է «Իրանի հետ, որպես աշխարհաքաղաքական գերտերության, հաստատել ջերմ և եղբայրական հարաբերություններ»։ Նա առաջարկել է ձևավորել փորձագետների աշխատանքային խմբեր, որոնք կառանձնացնեն տնտեսության, էներգետիկայի և առողջապահության ոլորտներում հարաբերությունների ակտիվացման պոտենցիալ ոլորտները, ինչպես նաև՝ հնարավոր խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է հարթել։ 

Այս հանդիպումը կայացել է միջուկային ծրագրի հարցերով Իրանի գլխավոր բանակցող, արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանիի՝ նոյեմբերի վերջին Դուբայ կատարած այցից հետո, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել Էմիրությունների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թվիթերյան իր միկրոբլոգում նա հայտնել էր, որ «պայմանավորվել են նոր գլուխ բացել երկկողմ հարաբերություններում»։ Մի քանի օր անց Բաղերին մեկնել էր Վիեննա, որպեսզի աշխարհի գերտերությունների հետ բանակցությունների յոթերորդ փուլում գլխավորի իրանական պատվիրակությունը։ Նրանք քննարկելու էին 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter