HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանի 6 հարցը Տիգրան Սարգսյանին

Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ կառավարությանը և վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղել է նամակ, որը ներկայացվում է ստորև:

Հարգելի պարոն Վարչապետ,

Վերջին շրջանում, ինչպես մամուլում հրապարակված նյութերը, այնպես էլ առանձին քաղաքացիների դիմումները ահազանգում են, որ քաղաքացիներին անձնագրեր տալու գործընթացում հաճախ են արձանագրվել ձգձգումներ: Իրավիճակն իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատճառաբանվել է անձնագրեր չունենալով (մասնավորապես, քաղաքացիներին իրազեկել են, որ այդ պահին դեռևս չկան պատվիրված անձնագրեր, իսկ ստանալուն պես դրանք անհապաղ կհատկացվեն):

Սա, ըստ էության, իրավասու կառույցների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրեր տալու օրենսդրության տարրական պահանջների խախտում է:

Բացի դրանից՝ տարածված տեղեկատվության համաձայն՝ զանգվածային բնույթ են կրում պաշտոնատար անձանցից ու այլ մասնավոր քաղաքացիներից ակնհայտ ապօրինի եղանակներով անձնագրեր հավաքելու, ինչ-ինչ գրանցումներ կատարելու դեպքերը, ինչը ոչ միայն զրկում է քաղաքացիներին իրականացնելու անձնագրերից օգտվելու իրենց իրավունքը, այլև նպաստում է հանրային վախի և կասկածանքի մթնոլորտի ձևավորմանը:

Վերը շարադրվածի առնչությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով, ՀՀ կառավարությունից ակնկալում եմ հետևյալ հարցերի պատասխաները.

1) վերջին 4 տարիների, այդ թվում' 2012թ. առաջիկա 4 ամիսների ընթացքում որքա՞ն անձնագիր է պատվիրվել, որքան է ստացվել, և ինչ համամասնությամբ են դրանք բաշխվել' ըստ ամիսների,

2) տրված անձնագրերից քանի՞սն է տրվել առաջին անգամ, և քանի՞սն է տրվել փոխանակման կարգով կամ որևէ այլ հիմքով (կորստյան և այլն),

3) կոնկրետ ի՞նչն է եղել վերջին շրջանում անձնագրերի բացակայության հիմքով անձնագրերն անհարկի ուշացումով հանձնելու բուն պատճառը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը շտկելու ուղղությամբ,

4) 2012թ. 4 ամիսների ընթացում քանի՞ մարդ է վարչական պատասխանատվության ենթարկվել անձնագրերն ապօրինի վերցնելու (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 199-րդ հոդված), առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելու (նույն օրենսգրքի 195-րդ հոդված), առանց անձնագրերի կամ առանց գրանցման բնակության թույլատրելու (նույն օրենսգրքի 197-րդ հոդված) համար,

5) վերջին 4 տարիների ընթացքում քանի՞ մարդ է անձնագիր ստացել երկքաղաքացիություն ձեռք բերելու հիմքով, և ինչ համամասնությամբ են դրանք բաշխվել' ըստ ամիսների,

6) որքա՞ն է կազմում անձնագրերի մնացորդը 2012թ. ապրիլի 30-ի դրությամբ:

Ակնակալում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված 10-օրյա ժամկետում կքննարկեք սույն հարցումը և սպառիչ պատասխան կտաք:

Քանի որ հարցումը անմիջականորեն վերաբերում է ընտրական գործընթացի օրինականությանը, իսկ հարցման պատասխանը չի ենթադրում լրացուցիչ ուսումնասիրություններ, քանզի այն սոսկ իրավասու մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկատվությանն է առնչվում, կարծում ենք՝ գրավոր պատասխանը կստացվի առավել սեղմ ժամկետում, ինչը համահունչ է հիշյալ օրենքի պահանջին և ընտրական իրավունքի խախտումների կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ Ձեր հավաստիացումներին:

Հարգանքով՝
Արծվիկ Մինասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter