
Ալեն Սիմոնյանը վերահաստատում է՝ զենքերը վայր դրած և գերի հանձնված անձինք պետք է դատապարտվեն
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ իրենց մարտական դիրքերը լքած և գերության հանձնված զինծառայողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ սոցցանցերում գաղտնի նկարահանած տեսանյութ է հայտնվել, որտեղ Սիմոնյանը արտերկրում քաղաքացիների հետ խոսելիս անդրադառնում է գերիների խնդրին:
«Կներես, կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն չկան: Գիտես էդ գերիները ովքեր են, մարդիկ են, որոնք զենքը դրել ու փախել են: Ես սա բարձր չեմ կարող ասել»,- տեսանյութում ասել էր նա:
Սիմոնյանը, խոսելով այդ տեսանյութի մասին, նախ ասաց, որ այն մոնտաժված է, ապա հավելեց՝ տեղյակ չի եղել, որ իրեն տեսանկարահանել են: Մի աղջիկ ներկայացել է որպես համակիր, և երբ հարցերի ընթացքում հեռախոսը բարձրացրել է, Սիմոնյանին վստահեցրել է, որ չի նկարահանում:
«Այն մարդիկ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ զենքը վայր են դրել ու հանձնվել են գերի… «Ֆեյսբուք»-ում հերոս բառը բավական արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով: Բանակում կան բազում հերոս տղաներ, բայց կան նաև զինվորներ ու սպաներ, որոնք իրենց պարտականությունները չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ»,- ասաց նա:
Սիմոնյանը հիշեցրեց՝ Քրեական օրենսգրքում դասալքության համար քրեական պատասխանատվություն է սահմանված:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նման դեպքերում բոլոր այն մարդիկ, որոնք օրենք են խախտել և սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձվել, պետք է Հայաստան վերադարձից հետո քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Դիտարկմանը՝ իսկ եթե սահմանը պահողը չի ունեցել կրակելու հրաման, ԱԺ նախագահն արձագանքեց.
«Զորքը, որ կանգնած է սահմանին և պաշտպանում է սահմանը, ինքնին այդ հրամանն ունի: Իսկ հրամանատարը, որը նման հրաման է տվել, նույնպես ենթարկվելու է քրեական պատասխանտվության»:
Մեկնաբանել