HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազալտի նոր հանքավայրի հայտ՝ Երևանի կողքին. տնօրենը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրն է

Մինչ Երևանի քաղաքապետարանը մերժում է Երևանի վարչական տարածքում նոր հանքավայրեր շահագործելու հայտերը, Արմավիրի մարզում՝ Երևանի վարչական տարածքի անմիջական հարևանությամբ բազալտի նոր հանքավայրի համար են դիմում ներկայացրել։

Նորաստեղծ «Խիճ» ՍՊԸ-ն, գրանցված այս տարվա հուլիսի 12-ին, ուզում է շահագործել Փարաքարի բազալտի հանքավայրի Հաղթանակ տեղամասը՝ հաշվի առնելով շինարարության ոլորտում առկա հարաճուն պահանջարկը բազալտե երեսպատման սալիկների, ինչպես նաև բազալտից ստացվող խճի նկատմամբ։

Ընկերությունը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտ է ներկայացել Շրջակա միջավայրի նախարարություն։

Համաձայն նախագծի և ներկայացված կադաստրային քարտեզի՝ հայցվող տեղամասը մոտակա բնակավայրից՝ Փարաքարից, ընդամենը 285 մ է հեռու, իսկ գերեզմաններից՝ 400 մ։

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հայցվող տարածքը Մերձավան համայնքում է՝ Երևանյան խճուղի 1-ին փողոցում։ Զբաղեցնում է 3,7 հա տարածք։ Ավելի կոնկրետ՝ Փարաքարի բազալտի հանքավայրի Հաղթանակ տեղամասը գտնվում է համանուն գյուղի հյուսիս-արևելյան և Երևան քաղաքի արևմտյան ծայրամասում՝ Երևան-Էջմիածին մայրուղու աջ կողմում:

շ

Հանքավայրը որևէ ընկերության կողմից չի շահագործվում, և շահագործման հետ կապված ենթակառուցվածքները (արտադրական հրապարակ, լցակույտեր) բացակայում են, սակայն ժամանակին շահագործվել է «Գրանիտ» ԱԿ-ի կողմից: Հողամասը ենթավարձակալության իրավունքով տրամադրված է «ԽԻՃ» ՍՊԸ-ին։

Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը Մերձավան համայնքինն է։ Համայնքն էլ 2015թ․ դեկտեմբերին այն վարձակալության է տրամադրել «Գրանիտ» ԱԿ-ին։ Վերջինս էլ իր հերթին այս տարվա հուլիսի 26-ին ենթավարձակալության է տրամադրել «Խիճ» ՍՊԸ-ին։

Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Ախտոյանից փորձեցինք ճշտել, թե ինչու և երբվանից «Գրանիտ» ԱԿ-ն չի շահագործում հանքավայրը, և արդյոք համայնքի նկատմամբ կատարել է պարտավորությունները։ Գ․ Ախտոյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից, հեռախոսը փոխանցեց հաշվապահին։ Վերջինս նույնպես ասաց, որ տեղյակ չէ, և այդ հարցերին կպատասխանի աշխատակազմի քարտուղար Անյուտա Սաֆարյանը։ Պաշտոնակատարը նաև տրամադրեց վերջինիս կոնտակտները։ Տիկին Սաֆարյանն էլ ասաց, որ ինքը չի կարող պատասխանել հարցերին, և համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է պատասխանի դրանց։

Այս տարածքի սահմաններում նախատեսվող բացահանքում 119.718 հազ. մ3 ծավալի բազալտ պետք է արդյունահանվի։ Հանքավայրը նախատեսվում է շահագործել 20 տարի։

«Տարածքի երկրաբանական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Գրանիտ» ԱԿ-ին հատկացված տարածքի հյուսիս-արևմտյան մասում ՝ հանքավայրի կենտրոնական մասի հյուսիսային թևում, բազալտները ոչ լրիվ են արդյունահանվել: Այստեղ մոտ 1 հա տարածքի վրա առկա են բազալտի արդյունաբերական պաշարներ»,- նշված է նախագծում:

Հանքավայրի տարածքում և նրա հարակից տարածքներում լանդշաֆտը դեգրադացված է (շահագործված հանքավայրի պատճառով), և տարածքներն օգտագործվում են ընդերքօգտագործման աշխատանքների համար: Այդ տարածքներում ընդհանուր առմամբ բացակայում է բուսածածկը։

Վերջնական ռեկուլտիվացիոն աշխատանքները կկատարվեն արդյունահանման աշխատանքների ավարտին, նախատեսվում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիա: Ռեկուլտիվացիայի ենթարկված ընդհանուր տարածքը կազմելու է շուրջ 1 հա տարածք:

«Խիճ» ՍՊԸ-ն հիմնադրել է Սուսաննա Հմայակի Պետրոսյանը՝ հաշվառված Սիլիկյան թաղամասում։ Ընկերության տնօրենը Սարգիս Գագիկի Ալեքսանյանն է։ Վերջինիս ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս ակնհայտ երևում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցն է։ Տնօրենը ակտիվորեն տարածել է ՔՊ անդամների հետ իր լուսանկարները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները, մտքերը։ Մեր հարցին, թե արդյոք ինքն էլ է անդամակցում ՔՊ-ին, տնօրենը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ ՔՊ-ում իր ընկերներն են։ Իսկ «Խիճ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուսաննա Պետրոսյանն իր ընկերոջ մայրն է։ Տնօրենը ուղղորդեց դիմել սեփականատիրոջը, որը քիչ անց կապ հաստատեց մեզ հետ։

Ընկերը Վրեժ Վասիլյանն է։ Վերջինս մեզ հետ զրուցում ասաց, որ դիմել են հանքավայրի շահագործման համար, և եթե պետությունը նպատակահարմար գտնի դրա շահագործումը, ապա պատրաստ են 500 մլն-ից մինչև 1 մլն դոլար ներդրում կատարել, քարի վերամշակման հաստոցներ տեղադրել, աշխատատեղեր ստեղծել։ Վրեժ Վասիլյանը պատմեց, որ իրենք թեկուզ հանքավայր չեն շահագործել նախկինում, սակայն ունեն քարի վերամշակման արտադրամաս։ Իսկ արդյունահանված բազալտը պատրաստվում են իրացնել երկրում։

Հիշեցնենք, որ Երևանում նոր հանքավայրերի հայտերը մերժվում են, քանի որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մոնիտորինգ՝ պարզելու Երևանի օդի աղտոտվածության աղբյուրները, դրանցում հանքարդյունահանման չափաբաժինը։ Դրանից հետո միայն ընթացք կտրվեն արդյունահանման նոր հայտերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter